10:40  ,  19 օգոստոսի, 2022

Արթուր Դավթյանը՝ Մյունխենից․ Գոհ եմ իմ կատարած աշխատանքից, շատ լավ ցատկեցի

Գոհ եմ իմ կատարածս աշխատանքից: Հենացատկը շատ լավ կատարեցի: Տեսնենք՝ եզրափակիչում ինչպես կստացվի: Կարծում եմ՝ լավ կլինի:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արդյունքը մեկնաբանեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարը օգոստոսի 18-ին Մյունխենում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության որակավորման փուլում 15.149 միավորով առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ:

Արթուր Դավթյանն առանձին գործիքների պայքարում 24 մասնակիցների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց հենացատկում: 2021 թվականի Եվրոպայի չեմպիոնը 14,200 միավորով 8-րդ տեղով եզրափակիչ դուրս եկավ նաեւ նժույգ թափեր վարժությունում:

«Գոհ եմ իմ կատարածս աշխատանքից: Շատ լավ ցատկեցի հենացատկը: Ինչպես մարզումներին էի անում, նույնությամբ որակավորման փուլում ցատկեցի: Տեսնենք, թե եզրափակիչում ինչպես կստացվի:

Բոլորս էլ լավ պատրաստ ենք: Կարծում եմ՝ լավ կլինի: Միավորներից դժգոհ չեմ: Մի պահ միայն չհասկացա երկրորդ ցատկիս գնահատականը որքան էր: Ծնկիս վնասվածքը փոքր-ինչ զգացվեց: Ցավում էր սովորականի պես, բայց մրցման ժամանակ ուշադրություն չես դարձնում ցավերին: Նորմալ էր ամեն ինչ: Ինձ չխանգարեց:

Նժույգ թափեր վարժությունում արեցի այն, ինչ կարողանում եմ: 8-րդ տեղով եզրափակիչ մտա: Նախորդ տարվա արդյունքիցս, որով չեմպիոն էի դարձել, չնչին տարբերությամբ ցածր միավորներ վաստակեցի: Նժույգը կամակոր գործիք է, այստեղ ամեն ինչ սպասելի է, ինչպես եղավ նախորդ տարի, երբ բոլորը եզրափակիչում ընկնում էին գործիքի վրայից: Այստեղ էլ իմ արդյունքից գոհ եմ»,- ասաց Արթուր Դավթյանը:

5 մարմնամարզիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի թիմը եզրափակիչի 4 մասնակից ունի: Առանձին գործիքներում եզրափակիչներ են դուրս եկել նաեւ Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ: Եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 21-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով