00:04  ,  19 օգոստոսի, 2022

FTX Crypto Cup. Լեւոն Արոնյանը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը

Մայամիում անցկացվող շախմատի արագ խաղի FTX Crypto Cup մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) մրցեց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ եւ չորս պարտիայում պարտություն կրեց 1:3 հաշվով։ Առաջին երկու պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։ Վերջին երկու պարտիաներում Արոնյանը պարտվեց։

Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 3:1 հաշվով հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին։ Հոլանդացի Անիշ Գիրին ուժեղ էր ամերիկացի Հանս Նիմանից (2,5:1,5), Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան՝ Յան-Կշիշտոֆ Դուդայից (2,5:1,5):

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթել էր Լե Կուանգ Լիեմին, երկրորդ տուրում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում պարտության էր մատնել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային՝ 3,5:2,5: Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը 1,5:2,5 հաշվով պարտվել էր Կարլսենին, որը 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Պրագնանանդհան։ Ֆիրուջան երրորդն է՝ 8 միավոր, Արոնյանը չորրորդն է՝ 5 միավոր։

Կանցկացվի 7 տուր։ FTX Crypto Cup-ի մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար է, գումարած 100 հազար դոլարի բիթքոյին։ FTX Crypto Cup-ը Meltwater Champions Chess Tour (ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է) շարքի մրցաշար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում