15:33  ,  18 օգոստոսի, 2022

«Ռեալը» պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել Կազեմիրոյին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալը» պատրաստ է վաճառել բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոյին, որին ձեռք բերելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն Արքայական ակումբը տրանսֆերի համար պահանջում է 70 միլիոն եվրո, թեեւ transfermarkt-ը 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո, հաղորդում է El Confidencial-ը։

Այս ամռանը «Ռեալը» 80 միլիոն եվրոյով «Մոնակոյից» գնել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա հենակետային կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիին, որին համարում է արժանի փոխարինող Կազեմիրոյի դիրքում։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Կազեմիրոյին վճարել տարեկան 14 միլիոն եվրո։ «Ռեալում» նրա աշխատավարձը 7 միլիոն եվրո է։

Կազեմիրոն 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում