09:04  ,  18 օգոստոսի, 2022

Վահագն Դավթյանը՝ Մյունխենից․  Մարտական տրամադրվածություն ունենք

Եթե կանգնում եմ գործիքի տակ եւ ձեռք բարձրացնում, արդեն պատասխանատվություն է, որովհետեւ երկիրն եմ ներկայացնում: Մեդալային կանխատեսումներից զերծ կմնամ. փորձելու ենք մաքսիմալ լավ մասնակցել: Մարտական տրամադրվածություն ունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը, որը Հայաստանի թիմի հետ պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մեկնարկին:

Օգոստոսի 18-ին Երեւանի ժամանակով 18:00-ից Մյունխենում կմեկնարկի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության որակավորման փուլը, որտեղ Հայաստանը կունենա 5 մասնակից՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան: Հայաստանի թիմն արդեն անցկացրել է ԵԱ-ի վերջին գլխավոր փորձը Մյունխենի օլիմպիական մարզապալատում, որտեղ էլ անցկացվելու է մրցաշարը:

Եվրոպայի փոխչեմպիոնը կարեւոր մեկնարկից առաջ NEWS.am Sport-ի հետ զրուցել է նախապատրաստական փուլի, մարզավիճակի, սպասելիքների եւ պետական աշխատանքը մարզումների հետ համատեղելու մասին:

Վահագն, Եվրոպայի արծաթե, բրոնզե մեդալակիր ես: Հավաքածուումդ պակասում է միայն ոսկե մեդալը: Ինչպե՞ս ես գնահատում հնարավորություններդ:

Թե ինչ արդյունքներ կունենանք, այս պահին դժվար է ասել: Փորձելու ենք մաքսիմալ լավ մասնակցել: Չեմ սիրում մրցումներից առաջ մեդալային կանխատեսումներ անել: Բոլորս մարտական տրամադրվածություն ունենք:  

Աշխարհի գավաթի երեք փուլերում գերազանց արդյունքով դարձար գավաթակիր: Այս հաջող մրցելույթներից հետո բոլորը քեզնից բարձր արդյունք են ակնկալելու: Այդ առումով լրացուցիչ լարվածություն կա՞:

Այս տարվա ընթացքում հաջող մրցելույթներից հետո կա որոշակի պարտավորվածություն, որ պետք է կարողանամ պահել այդ շեմը: Ես պարտավորվածություն զգում եմ ինքս իմ առջեւ՝ կատարածս աշխատանքի, չարչարանքիս, ծախսածս ժամանակի, ստացած վնասվածքներիս համար: Մինչեւ այստեղ հասնելը երկար աշխատանք ենք կատարում մարզիչների հետ: Ես նույն լրջությամբ եմ մոտենում Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, միջազգային մրցաշարերին եւ Հայաստանի առաջնություններին: Եթե կանգնում եմ գործիքի տակ եւ ձեռք եմ բարձրացնում, արդեն պատասխանատվություն է ինձ համար, որովհետեւ մենք մեր երկիրն ենք ներկայացնում: Որքան պատվով ներկայացնենք, այնքան մեր երկրի, հայկական մարմնամարզության համար է:

Վահագն, օղակների վարժությունում կանոնների փոփոխություն կա՞:

Կան փոփոխություններ, բայց այնպես չէ, ինչպես օրինակ Արթւոր Դավթյանի գործիքի վրա: Տարրերի արժեքների փոփոխություն է եղել Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո։ Ես, այսպես ասած, շահել եմ այդ փոփոխությունից: Օրինակ, եթե նախկինում անում էի մի տարր, որն ավելի բարդ էր, ավելի շատ ուժ էի կորցնում դրա վրա, անհամեմատ քիչ էր գնահատվում: Հիմա ավելի հեշտ էլեմենտ եմ անում, որն ավելի բարձր է գնահատվում: Փոքր փոփոխություններ են, բայց վարժությունս լավ կատարելու դեպքում վերջնական հաշվարկում բարձր միավորներ եմ վաստակում: Ինձ համար լավ էին այս փոփոխությունները, քանի որ վարժությունս չեմ փոխել: Եթե փոխեի, ինձանից ամենաքիչը մեկ տարի ժամանակ էր պահանջվելու այն յուրացնելու եւ վարժ կատարելու համար. մեր սպորտային լեզվով ասում են՝ «վարժությունը նստի քո վրա»:

Դու նաեւ պաշտոնավարում ես Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչությունում: Ինչպե՞ս ես համատեղում պետական աշխատանքն ու սպորտը:

Իրականում շատ բարդ է: Մեծ դժվարությամբ եմ համատեղում, փորձում եմ: Լարվածությունը, աշխատանքի մեջ մարզումները, հավաքների մեջ աշխատանքը, այս ամենը շատ մեծ էներգիա է խլում: Այս գերլարված վիճակն ինձ ավելի շատ է հոգնեցնում, քան մարզումների ֆիզիկական ՝ծանրաբեռնվածությունը: Ես փորձում եմ այնպես անել, որ աշխատանքս շատ ժամանակ չվերցնի մարզումներիցս եւ հակառակը: Ստիպված ընդմիջման ժամերին եմ գալիս մարզումների, իսկ երկրորդ մարզումն անում եմ աշխատանքային օրվա ավարտից հետո:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցին միացավ նաեւ օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Վահագն Դավթյանի մասին կարելի է գիրք գրել: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում հավաքների ժամանակ Վահագնը ֆանտաստիկ աշխատանք էր անում. գերլարված մարզումներ, աշխատանք, ավագանու նիստից ընդմիջմանը կոստյումով գալիս էր մարզադահլիճ, փոխվում, մարզվում, նորից կոստյումը հագնում, վերադառնում նիստին: Այդպես ամբողջ հավաքի ընթացքում գերազանց մարզավիճակ հավաքեց, շատ լավ պատրաստվեց: Հասանք Տոկիո, որտեղ պետք է ընթանար աշխարհի առաջնությունը: Վահագնի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ցույց տվեց: 7 օր մնաց կարատնին լրիվ այլ քաղաքում: Ես ասում եմ՝ դու այդքան լավ պատրաստվեցիր, չարչարվեցիր, որ 7 օր գնաս մեկուսացած հանգստի (ծիծաղում է):

Օգոստոսի 18-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի թիմը մրցահարթակ դուրս կգա Երեւանի ժամանակով 19:07-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս