23:58  ,  17 օգոստոսի, 2022

Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Մայամիում անցկացվող շախմատի արագ խաղի FTX Crypto Cup մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) մրցեց համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ չորս պարտիայում պարտվեց 1,5:2,5 հաշվով։ Կարլսենը սեւ ֆիգուրներով հաղթեց առաջին պարտիայում։ Հաջորդ երեք պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթել էր վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, երկրորդ տուրում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում պարտության էր մատնել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային՝ 3,5:2,5:

Մագնուս Կարլսենը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Առաջին երկու տուրերում նա պարտության էր մատնել հոլանդացի Անիշ Գիրիին (3:1) եւ ամերիկացի Հանս Նիմանին (3:1)։

Երրորդ տուրի մյուս դիմակայություններում հդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան ուժեղ էր Հանս Նիմանից (2,5:1,5), Լե Կուանգ Լիեմը՝ Յան-Կշիշտոֆ Դուդայից (2,5:0,5):

Անիշ Գիրին ու Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան չորս պարտիաներն էլ ավարտեցին ոչ ոքի եւ պայքարը կշարունակեն թայ-բրեյքում՝ կայծակնային խաղի երկու պարտիա։

Կանցկացվի 7 տուր։ FTX Crypto Cup-ի մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար է, գումարած 100 հազար դոլարի բիթքոյին։ FTX Crypto Cup-ը Meltwater Champions Chess Tour (ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է) շարքի մրցաշար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում