09:44  ,  16 օգոստոսի, 2022

Սպալետի․ Կվարացխելիան բազմակողմանի ֆուտբոլիստ է, կարող է շատ ավելի լավ խաղալ

«Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է իր ղեկավարած թիմի նորեկ, Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի նորամուտն Իտալիայի առաջնությունում։ Մեկնարկային տուրում «Նապոլին» 5:2 հաշվով հաղթել է «Սասուոլոյին», Կվարացխելիան դարձել է գոլի հեղինակ։

«Կվարացխելիան բազմակողմանի ֆուտբոլիստ է, գլխի հարվածով գոլ խփեց, թեեւ դա նրա ուժեղ կողմը չէ։ Կարծում եմ՝ նա կարող է շատ ավելի լավ խաղալ։ Այս խաղում որոշ դրվագներում տանուլ տվեց պայքարը։

Այս հանդիպումը ցուցանիշ չէ «Նապոլիի» համար այս մրցաշրջանում։ Մեզ դեռ ժամանակ է պետք։ 2:2 հաշիվը 50-րդ րոպեին անընդունելի է։ Ավելի շուտ պետք է ցուցադրենք մեր ունեցած որակները»,- Սպալետիի խոսքը մեջբերում է Gazetta.it-ը։

Վրաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանն այս ամռանն է Բաթումիի «Դինամոյից» տեղափոխվել «Նապոլի»։

Անցած մրցաշրջանը Կվարացխելիան սկսել էր Կազանի «Ռուբինում»։ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով նա խզել էր պայմանագիրը «Ռուբինի» հետ եւ 2 տարվա պայմանագիր կնքել Բաթումիի «Դինամոյի» հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում