15:54  ,  15 օգոստոսի, 2022

Ռոբերտ Էմմիյանը՝ Մյունխենից․ Աղասյանն ու Մկրտչյանը շատ լավ են պատրաստվել ԵԱ-ին

Մեր թիմը շատ լավ տրամադրություն ունի, Լեւոնն ու Երվանդը շատ լավ նախապատրաստական փուլ են անցել։ Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին այսօր որակավորման փուլում։ Սպասում ենք լավ արդյունքների։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

Օգոստոսի 15-ից Գերմանիայի Մյունխեն քաղաքում  մեկնարկում է աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են եռացատկորդ Լեւոն Աղասյանը եւ վազորդ Երվանդ Մկրտչյանը։

«Հայաստանը երկու առաջատար աթլետով է մասնակցում Եվրոպայի առաջնությանը։ Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը շատ լավ են պատրաստվել մրցաշարին։

Մեր հարազատների աջակցությամբ Լեւոն Աղասյանը շուրջ մեկ ամիս հավաք անցավ Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Այստեղ ամեն ինչ հրաշալի է, մեզ շատ լավ են ընդունել։ Սպասում ենք որակավորման փուլի մեկնարկին։ Սպասում ենք դրական արդյունքների»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը։

Լեւոն Աղասյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել հուլիսի 15-24-ը ԱՄՆ-ի Օրեգոն  նահանգի Յուջին քաղաքում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունը։

Լեւոն Աղասյանն ու Երվանդ Մկրտչյանը որակավորման փուլում մեկնարկի դուրս կգան օգոստոսի 15-ին երեկոյան մրցահերթում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում