15:18  ,  12 օգոստոսի, 2022

Գաբրիել Սարգսյան․ Անհանգստանալու առիթ չունենք, քանի որ մենք շատ լավ երիտասարդներ ունենք

Ինձ ասել են, որ մեր, այսպես ասած, «բարեկամները», հայրենասերները անընդհատ ասում են, որ թիմի հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականները չեն խաղացել։ Ես նրանց խորհուրդ կտամ հաշվի առնել, որ Հնդկաստանը խաղում էր երեք թիմերով, որոնցից մեկը զբաղեցրեց երրորդ տեղը։ Այդ մասին խոսացողները թող սրա վրա էլ ուշադրություն դարձնեն, եթե, իհարկե, ուզում են։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց շախմատի Համաշխարհային օլիմպիադայի փոխչմեպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի առաջատար, Օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

«Այսպիսի մրցաշարերում շատ են լինում հիշարժան պահեր։ Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի հետ մրցախաղերը տպավորիչ էին։ Իրականում, եթե Եգիպտոսին չհաղթեինք, գուցե Օլիմպիադան մեզ համար այլ ընթացք ունենար։ Գրեթե բոլոր մրցախաղերը, բացի վերջին երկուսից՝ Ադրբեջանի եւ Իսպանիայի հետ, բարդ են ստացվել։ Սկզբից իմ խաղն այդքան լավ չէր ստացվում, ավելի հաջող ստացվեց հանգստյան օրվանից հետո։ Մենք ամբողջ մրցաշարի ընթացքում առաջատար ենք եղել եւ արժանի էինք ոսկե մեդալի։ Ավելի արդար կլիներ, որ վերջում լրացուցիչ ցուցանիշներով մենք գերազանցեինք․ բայց կանոնադրությունը թույլ չտվեց։ Օրինակ, եթե Պերուին 4։0 հաղթում ես, թիմն ավելի շատ լրացուցիչ միավոր է վաստակում, քան 2,5։1,5-ով ուժեղագույն թիմին հաղթելը։

Իրականում մենք շատ լավ էինք պատրաստվել, հավաք էինք անցել։ Մեզ այդ հարցում նաեւ շատ էր օգնել Սամվել Տեր-Սահակյանը, որն ամբողջ հավաքի ընթացքում պարբերաբար հիշեցնում էր, որ սա մեզ համար շատ լուրջ մրցաշար է, շատ լավ պետք է պատրաստվենք։ Նա այդպես էլ պատրաստվում էր եւ մեզ տրամադրում, որ սա կյանքի կարեւոր մրցաշարերից մեկն է։ Այդ առումով պարտավորեցնում էր, որ շատ ավելի լավ պատրաստվենք։

Սպորտում կա մի լավ բան, վիճակագրություն․ այն ցույց է տալիս, որ վերջին 20 տարիներին շախմատի Հայաստանի հավաքական աշխարհի լավագույն հավաքականն է իր հաջողություններով։ 3 միլիոնանոց Հայաստանի համար սա վատ արդյունք չէ։ Խոսքը միայն օլիմպիադաների արդյունքները չեն՝ Եվրոպայի, աշխարհի առաջնությունները եւս։ Բոլոր մրցաշարերում Հայաստանի հավաքականը լավագույնն է։

Ես երկրորդ անգամ էի առաջին տախտակին խաղում, ինչը բոլոր առումներով շատ բարդ է։ Մրցակիցները շատ ուժեղ են լինում։ Այս օլիմպիադայում էլ բոլոր երկրների թիմերի առաջին համարները ուժեղ մրցակիցներ էին եւ մեծ մասը բավական երիտասարդ են, որոնց հետ դժար էր լինում խաղալ։

Օրինակ՝ Ուզբեկստանի հավաքականում մեծ մասը երիտասարդ շախամտիստներ են, որոնք երկար ժամանակ աշխարհի ուժեղագույնների մեջ են լինելու, ֆավորիտ են համարվելու։ Նրանք այնքան ուժեղ են եւ այնքան երիտասարդ՝ 18-24 տարեկան, որ դեռ երկար ժամանակ փայլելու են։ Նրանց առաջին համարը ամենաերիտասարդն է։ Պատմության մեջ այդ տարիքում այդպիսի շախմատ խաղացող չի եղել։ Նա արագ շախմատի ամենաերիտասարդ չեմպիոն է։

Մենք եւս ունենք երիտասարդ ուժեղ շախմատիստներ՝ Հրանտ Մարտիրոսյանը եւ Շանթ Սարգսյանը։ Հաջորդ տարի նրանք կհամալրեն մեր հավաքականը, եւ ամեն ինչ լավ կընթանա, նրանք երկուսն էլ կարող են Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ հավասար պայքարել։ Այս առիթով մենք անհանգստանալու առիթ չունենք, քանի որ մենք շատ լավ երիտասարդներ ունենք։ Մասնավորապես, Հրանտն ու Շանթը հետագա 10 տարիներին լինելու են հավաքականի առաջատարները։ Այն, որ Ուզբեկստանն ուժեղ էր, նորություն չէր որեւէ մեկի համար։

Պատահական չէ, որ նախորդ օրը ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրենը հարցազրույցում ասել էր, թե ավելի մեծ անակնկալ էր Հայաստանի հավաքականի հաջողությունը։ Անսպասելի էր, որ Հայաստանն այդքան հաջող հանդես կգա։ Ուզբեկստանի հաջողությունը սպասված էր»,- մանրամասնեց Գաբրիել Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիադային մասնակցում էին նաեւ Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Հայաստանի հավաքականը նաեւ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում