14:34  ,  12 օգոստոսի, 2022

Արման Փաշիկյան․ Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա շատ մեծ արդյունք է, մեծ հաջողություն

Ցանկանում եմ բոլոր տղաներին շնորհակալություն հայտնել, որ բոլորը մեկ մարդու նման պայքարում էին թիմի հաղթանակի համար։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը։

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է թիմի մրցելույթները։

«Օլիմպիադան հենց սկզբից մեզ համար բարենպաստ ընթացք էր ունենում։ Առաջին 6 մրցախաղերում հաղթեցինք։ Իհարկե, սկբում մի փոքր դժվար էինք հաղթում, բայց մրցաշարը քանի գնում էր, ավելի լավ ընթացք էր ստանում մեզ համար։ Երբ ԱՄՆ-ի հետ ոչ ոքի արեցինք, հետո հաղթեցինք Հնդկաստանի առաջին հավաքականին, հասկացանք, որ մեծ շանսեր ունենք մրցաշարը հաղթելու։  Ցավոք, Ուզբեկստանի հավաքականից պարտություն կրեցինք։ Վերջին երկու կարեւոր տուրերում հաղթանակը մեզ հավասար միավորներ տվեց ուզբեկների հետ, բայց լրացուցիչ միավորներով չեմպիոնի կոչումը նվաճեցին ուզբեկները։

Տպավորությունները մեծ են։ Վերջին տուրում հաղթելուց հետո, ինչպես ամբողջ մրցաշարի ընթացքում այդքան էլ շատ հույզեր չկային։ Իսպանիայի հավաքականի հետ վերջին տուրը հաղթեցինք ու գնացինք հյուրանոց, ընթրեցինք ու մենք էլ էինք զարմացել, որ ինչու մեծ ուրախություն չկա։ Մանուելը հարցրեց՝ նորմա՞լ է, որ մենք այսպես չենք ուրախանում, տխուր նստել ենք, որ երկրորդ տեղ ենք գրավել։

Իրական շանս էր տիտղոսը նվաճելու։ Ամբողջ մրցաշարի ընթացքում առաջատարի դիրքով ենք ընթացել։ Խաղացինք մրցաշարի բոլոր ուժեղագույների հետ ու հաղթեցինք նրանց, բայց արդյունքում զբաղեցրինք երկրորդ տեղը եւ այդ առիթով մի փոքր տխրել էինք։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա շատ մեծ արդյունք է, մեծ հաջողություն։ Ուզում եմ բոլոր տղաներին շնորհակալություն հայտնել, որ բոլորը մեկ մարդու նման պայքարում էին թիմի հաղթանակի համար։ Անհատական ամբիցիաներ չէին ցուցաբերում, կարող է լավ դիրք ունենային, բայց մրցախաղը հաղթելու համար ոչ ոքին էլ բավարար լիներ, ոչ ոքի անեին, որպեսզի թիմի հաղթանակը ֆիքսեինք։ Հոգնած էին բոլորը, բայց չէին բողոքում հանգստանալու համար, կամ հակառակը՝ եթե ուզում էին խաղալ, բայց որոշում էր կայացվում, որ պետք է հանգստանան, բոլորը մի մարդու նման պայքարում էին թիմի հաղթանակի համար։

Բոլոր թիմերը նկատել էին, թե ինչ մթնոլորտ էր տիրում մեր թիմում, բոլորը երկրպագում էին մեզ, ամեն տուրից առաջ մոտենում, հաջողություն էին մաղթում։ Նույնիսկ ԱՄՆ հավաքականին հաղթելուց հետո նրանց թիմի ավագը մյուս բոլոր խաղերում մոտենում եւ հաջողություն էր մաղթում»,- նշել է Արման Փաշիկյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիադային մասնակցում էին Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Հայաստանի հավաքականը նաեւ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում