20:14  ,  10 օգոստոսի, 2022

Մանուել Պետրոսյան․ Կար մեծ լարվածություն, որն ինձ խանգարում էր

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած շախմատի Հայաստանի հավաքականը օգոստոսի 10-ին վերադարձել է հայրենիք։ Առաջին անգամ հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադային մասնակցած Մանուել Պետրոսյանը մեկնաբանել է մասնակցությունը եւ երկրորդ տեղ գրավելը։

«Առաջին անգամ էի խաղում Օլիմպիադայում։ Կար մեծ լարվածություն, որն ինձ խանգարում էր։ Խաղացի առաջինից երրորդ տուրերում, հետո Արման Փաշիկյանի հետ որոշեցինք, որ ես պետք է հանգստանամ։ Այդ ընթացքում նաեւ մի փոքր վատառողջ էի։ Բարդ էր ինձ համար հարմարվել մրցաշարին։ Որոշեցինք, որ այդ հույզերից պետք է հանգստանամ։ Այդպես 6 տուր բաց թողեցի, որն իրականում այսքան էլ պլանավորված չէր։ Վերադարձա Ադրբեջանի դեմ խաղին, որը միշտ լարված է ստացվում։ Լավ պարտիաներ անցկացրինք, կարողացա իմ խաղատախտակի վրա ապահովել թիմին ոչ ոքիով։

Օլիմպիադան մեծ փորձ էր ինձ համար։ Ամենատպավորիչը վերջին երկու տուրերն էին ինձ համար։ Չէի սպասում, որ այսպիսի արդյունք կունենա մեր թիմը, ես կկարողանամ երկար հանգստից եւ գերլարվածությունից հետո մտնել խաղի մեջ եւ հաջող պարտիաներ անցկացնել, օգնել մեր թիմին։ Բոլորն էլ կասկածում էին, որ ես կկարողանամ հաջող խաղ անցկացնել, բայց հաջողվեց։

Այս պահին հակասական զգացողություններ ունենք, քանի որ շատ լավ խաղացինք, առաջին տեղի արդյունք էինք ցույց տվել, հանգիստ կարող էինք չեմպիոն լինել։ Այսպես ստացվեց։ Շատ ուրախ ենք, բայց մյուս կողմից էլ ափսոսանք կա, որ չեմպիոն չենք․ առաջին տեղը երբեք չես փոխի ուրիշ տեղերի հետ»,- ասաց Մանուել Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդես եկավ առանց Լեւոն Արոնյանի, որը տեղափոխվել է ԱՄՆ-ի հավաքական։ Առաջին անգամ հավաքականի ավագն ու գլխավոր մարզիչն էր Արման Փաշիկյանը։

Գաբրիել Սարգսյանից (2698) բացի հավաքականում ընդգրկված էին նաեւ Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նաեւ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս