19:16  ,  10 օգոստոսի, 2022

Սամվել Տեր-Սահակյան․ Ուզբեկստանի հավաքականն մեքենայի պես էր խաղում

Նման հաջողություն հավաքականի կազմում դեռ չէի ունեցել։ Տպավորություններս շատ մեծ են, անգամ խոսքեր չեմ գտնում նկարագրելու  այս ամենը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Տեր-Սահակյանը։

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած շախմատի Հայաստանի հավաքականը օգոստոսի 10-ին վերադարձել է հայրենիք։ Առաջին անգամ հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադային մասնակցած Սամվել Տեր-Սահակյանը մեկնաբանել է մասնակցությունը եւ երկրորդ տեղ գրավելը։

«Մինչեւ Օլիմպիադան, հավաքի ժամանակ առանձնապես նպատակ չէինք դրել՝ հաղթել, մրցանակային տեղ գրավել։ Յուրաքանչյուրս շատ կարեւորում էինք առավելագույնս նվիրելը, փորձել անել ամենը, ինչ կարող ենք։ Հիմա տպավորությունները, զգացողությունները շատ ուրիշ են։ Գաբրիելի համար Օլիմպիադաներին մասնակցել եւ մրցանակակիր դառնալը սովորական է դարձել, բայց ինձ համար առաջին փորձն էր, առաջին անգամ էի հավաքականի կազմում մասնակցում Համաշխարհային օլիմպիադային։

Ադրբեջանի հավաքականի հետ հասկանալի պատճառներով միշտ ավելի լարված խաղ է ստացվում, բայց տղաները ոչ մի հնարավորություն չտվեցին մրցակցին։

Շատ բարդ ստացվեց Ուզբեկստանի հավաքականի հետ դիմայակությունը։ Այդ թիմն ուղղակի մեքենայի պես էր խաղում։ Շատ եմ ցավում, որ այդ մրցախաղում մասնակցելու հնարավորություն ստացա, բայց պարտվեցի։ Փորձեցի իմ լավագույն խաղը ցուցադրել, բայց այդ պահին մրցակիցս ինձանից ավելի ուժեղ էր»,- ասաց Սամվել Տեր-Սահակյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդես եկավ առանց Լեւոն Արոնյանի, որը տեղափոխվել է ԱՄՆ-ի հավաքական։ Առաջին անգամ հավաքականի ավագն ու գլխավոր մարզիչն էր Արման Փաշիկյանը։

Գաբրիել Սարգսյանից (2698) բացի հավաքականում ընդգրկված էին նաեւ Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում