18:45  ,  10 օգոստոսի, 2022

Գաբրիել Սարգսյան․ Այս հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում ունի Լեւոն Արոնյանը

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած շախմատի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք։ Թիմի առաջատար Գաբրիել Սարգսյանը մեկնաբանել է մասնակցությունը եւ երկրորդ տեղ գրավելը։

«Միշտ հայտնի ենք եղել որպես շախմատային երկիր, բայց եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ շախմատը Հայաստանում շատ սիրված է եւ մենք շատ ուժեղ ենք շախմատում։

Մեզ համար շատ մեծ կորուստ է, որ Լեւոն Արոնյանը թիմում չէ, բայց այս հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում ունի նաեւ Լեւոն Արոնյանը, քանի որ թիմի բոլոր անդամների հետ նա երկար տարիներ պարապել է, մեր ուժեղ շախմատիստների աճի մեջ նա մեծ ներդրում ունի։ Շատ ցավալի է, որ Լեւոնի նման մարզիկն այլեւս մեր երկիրը չի ներկայացնում։ Նրա բացակայությունը միշտ է զգացվում։

Դժվար էր առաջին խաղատախտակին, քանի որ շատ լավ մարզավիճակում էին առաջին համարները։ Շատ դժվար էր, բայց ուրախ եմ, որ շատ լավ ստացվեց։ Շատ էի անհանգստանում, չէի սպասում, որ լավ կստացվի։ Իմ հաջողությունը տղաներին ավելի մեծ վստահություն էր հաղորդում։

Երբեք չի եղել, որ 19 միավորով թիմը չեմպիոն չդառնա, բայց այս անգամ Ուզբեկստանն էլ շատ ուժեղ էր եւ շատ երիտասարդ կազմ ունեն, շատ լավ խաղացին եւ շատ մեծ ապագա ունեն։ Ափսոսանք կա, որովհետեւ շատ մոտ էինք չեմպիոնությանը։

Այս անգամ յուրահատուկ էր, քանի որ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը չկային, երիտասարդ  կազմ էր։

Շատ կարեւոր էր ԱՄՆ-ի հետ մրցախաղը։ Շատ ուժեղ կազմ ունեին, շատ կարեւոր էր, որ մենք չպարտվեցինք նրանց։ Դրանից հետո նրանք սկսեցին վատ խաղալ։

Ես տարիքով եմ ավագ, բայց թիմում այդպիսի բան չկա, բոլորն էլ նույն կարգավիճակում են։ Միշտ էլ դժվար է առաջին խաղատախտակին խաղալ։ Նոր թիմով էինք խաղում, երիտասարդ թիմ է, տղաները շատ լավ խաղացին։ Դեռ պահեստային ունենք երիտասարդներ՝ Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, էլի շախմատիստներ։ Կարծում եմ՝ ապագայում էլ շատ մեծ հաջողություններ են սպասվում մեր թիմին»,- ասել է Օլիմպիադայի եռակի չեմպիոնը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդես եկավ առանց Լեւոն Արոնյանի, որը տեղափոխվել է ԱՄՆ-ի հավաքական։ Առաջին անգամ հավաքականի ավագն ու գլխավոր մարզիչն էր Արման Փաշիկյանը։

Գաբրիել Սարգսյանից (2698) բացի հավաքականում ընդգրկված էին նաեւ Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նաեւ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս