15:14  ,  10 օգոստոսի, 2022

Հրանտ Մելքումյան․ Անշուշտ, այս նվաճումը ոգեւորիչ է

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը մեկնաբանել է Արման Փաշիկյանի գլխավորած թիմի երկրորդը տեղը Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտված Համաշխարհային օլիմպիադայում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Իհարկե, շատ ուրախ ենք, որ հաջողվեց այսպիսի բարձր արդյունք գրանցել։ Անշուշտ, այս նվաճումը ոգեւորիչ է։

Մի փոքր տխրեցինք, որ չնայացած ցուցադրած անհավանական բարձր արդյունքի, ոսկե մեդալ չնվաճեցինք լրացուցիչ ցուցանիշների պատճառով։ Շնորհավորում եմ բոլորիս»,- ասել է Հրանտ Մելքումյանը։

Առաջին անգամ չեմպիոն է դարձել Ուզբեկստանի թիմը, որը վաստակել էր 19 միավոր՝ Հայաստանի թիմի հետ հավասար։ Երրորդ տեղը գրավել է Հնդկաստանի երկրորդ թիմը։

Կանանց մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ուկրաինան, արծաթե մեդալները նվաճել են վրացիները։ Լավագույն եռյակը եզրափակել է Հնդկաստանի հավաքականը։

Հայաստանի հավաքական

Գաբրիել Սարգսյան (2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Գլխավոր մարզիչ՝  Արման Փաշիկյան։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր Օլիմպիադայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նաեւ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում