14:55  ,  9 օգոստոսի, 2022

Արման Փաշիկյանը՝ Հնդկաստանից․ Շնորհավորում եմ բոլորիս, կարծում եմ՝ հրաշալի արդյունք է

Հրաշալի արդյունք է: Սա ամբողջ հայ ազգի հաղթանակն է: Մենք միշտ շախմատի մեջ ցույց ենք տվել, որ կարող ենք լավագույն տեղերը զբաղեցնել եւ եւս մեկ անգամ ապացուցեինք դա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հնդկաստանից ասաց շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը՝ մեկնաբանելով 44-րդ Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի երկրորդ տեղը:  

Հայաստանի հավաքականը Չենայում անցկացված Օլիմպիադայում վաստակեց 19 միավոր (11 տուր, հաղթանակի համար՝ 2 միավոր)։ Նույնքան միավորով առաջին անգամ չեմպիոն դարձավ Ուզբեկստանի հավաքականը։

«Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար: Շատ լավ եմ գնահատում մեր արդյունքը: Շատ լարված պայքար էր Օլիմպիադայում: Բոլոր ուժեղ թիմերի հետ հանդիպեցինք: Վիճակահանությունն այնպես եղավ, որ բոլոր ուժեղագույն թիմերի հետ խաղացինք: Ցավոք, Ուզբեկստանի հետ չհաջողվեց հաղթել, այդ պատճառով էլ չհաջողվեց առաջին տեղը զբաղեցնել, բայց ընդհանուր արդյունքից շատ գոհ եմ: Կարծում եմ՝ հրաշալի արդյունք է:

Մինչեւ մրցաշարն ասում էի, որ ինքս կոնկրետ տեղի վրա չեմ կենտրոնանում, այլ գերխնդիր էր, որ ամեն տուրում պայքարենք հաղթանակի համար: Այդ մոտեցումն ավելորդ ծանրաբեռնվածությունից ազատում է, որովհետեւ այնպես ստացվեց, որ արդեն մոտ էինք չեմպիոնության, երեք տուր առաջ միանձնյա առաջատար էինք եւ արդեն երեւում էր, որ Օլիմպիադան հաղթելու ռեալ շանսեր ունենք: Գուցե այդ պահին որպես առաջատար լարվածությունն ավելորդ էր, գուցե դա էլ խանգարեց, որ Ուզբեկստանի հետ պայքարում պարտվեցինք: Տեղի մասին չեմ մտածել, եռյակում հայտնվելը համարել եմ շատ լավ արդյունք, բայց չեմ մտածել՝ նպատակը որն է, այլ պետք է խաղայինք ամեն տուրը հաղթելու համար:

Ափսոսանք կա, որ չեմպիոնի տիտղոսը չնվաճեցինք: Շատ էինք ցանկանում հաղթել եւ մոտ էինք ոսկե մեդալին: Հասկանում էինք, որ կարող ենք հաղթել եւ շատ մոտ ենք դրան:

Որպես հավաքականի մարզիչ այս հաջողությունը նվիրում եմ հայ ժողովրդին: Սա ամբողջ հայ ազգի հաղթանակն է: Շատ կարեւոր են նման հաղթանակները: Մենք միշտ էլ շախմատի մեջ ցույց ենք տվել, որ կարող ենք լավագույն տեղերը զբաղեցնել եւ եւս մեկ անգամ ապացուցեինք դա»,- ասաց Արման Փաշիկյանը:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի հետ։

Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների հավաքականին։ Ուզբեկստանի թիմի առաջատարն արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովն է։

Երրորդ տեղը գրավեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավոր։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով