14:27  ,  9 օգոստոսի, 2022

Արկադի Դվորկովիչ․ Քիչ հավանական է, որ այս անգամ Կարլսենը փոխի որոշումը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը հույս է հայտնել, որ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կվերադառնա շախմատային թագի համար պայքար։

Կարլսենը հրաժարվել է հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ երկրորդ անգամ մասնակցել չեմպիոնական մրցամարտին։ Անցած տարի Կարլսենը հաղթել էր Նեպոմնյաշչուն՝ պաշտպանելով տիտղոսը։

«Քիչ հավանական է, որ այս անգամ Կարլսենը փոխի որոշումը, բայց ես կարծում եմ՝ լավ հնարավորություն կա, որ նա կվերադառնա որոշակի դադարից հետո։

Կարլսենը կշարունակի հանդես գալ մրցաշարերում, կայծակնային մրցաշերում, կոմերցիոն մրցումներում։ Նա մասնակցեց Օլիմպիադային, չի հեռանում շախմատից, ի տարբերություն Ֆիշերի»,- Դվորկովիչի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Հաջորդ տարի Յան Նեպոմնյաշչին աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը գրաված չինացի Դին Լիրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում