13:25  ,  9 օգոստոսի, 2022

Հայաստանը՝ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը՝ վաստակելով 19 միավոր։ 

Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների հավաքականին եւ նույնպես վաստակեց 19 միավոր։ Ուզբեկստանի թիմի առաջատարն արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովն է։

Երրորդ տեղեը գրավեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավոր։

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Իսպանիայի թիմի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։ Առաջատար Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի հետ։ 

Նախորդ 4 տուրերում Գաբրիել Սարգսյանը հաղթել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, հնդիկ Պենտալա Հարիկրիշնային, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ոչ ոքի խաղացել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), Ադրբեջանին (3:1), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):

Հայաստանի հավաքական

 Գաբրիել Սարգսյան (2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Գլխավոր մարզիչ՝  Արման Փաշիկյան։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։

Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց խորվաթներին եւ 16 միավորով գրավեց 10-րդ տեղը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ուկրաինան (18 միավոր), փոխչեմպիոն դարձավ Վրաստանը (18)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ