00:16  ,  9 օգոստոսի, 2022

Տիգրան Լ. Պետրոսյան․ Ուրախ եմ, որ մեր թիմը կարողացավ հաղթահարել լրացուցիչ լարվածությունը եւ վստահ հաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ

Ուրախ եմ, որ մեր թիմը կարողացավ հաղթահարել լրացուցիչ լարվածությունը եւ վստահ հաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ, ինչը շատ կարեւոր էր բոլորիս համար: Ոչ միայն շախմատի, այլեւ մեր երկրի համար շատ հաճելի պահ էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Տիգրան Լ. Պետրոսյանը՝ մեկնաբանելով Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակը Ադրբեջանի նկատմամբ: Նախավերջին տուրում Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցեց Ադրբեջանի թիմի հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ 3:1:

Տիգրան, նախ շնորհավորում եմ բոլորիս 10-րդ տուրում Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի հավաքականի հաղթանակի կապակցությամբ: Ինչպե՞ս կգնահատեք տղաների պարտիաները:

Շատ ուրախ եմ, որ տղաները երեկվա պարտությունից հետո իրենց մեջ ուժ գտան եւ հաղթեցին Ադրբեջանի հավաքականին: Հոգեբանական առումով միշտ էլ դժվար է Ադրբեջանի հետ մրցախաղերում: Դժվար էր այս թիմի դեմ խաղալ, գործակիցներով մեզ գերազանցում են, նրանք ունեն Շահրիյար Մամեդյարով, որն աշխարհի ակնհայտ ուժեղագույներից է, մոտ 10 տարի թոփ-10-ի մեջ է:

Մամեդյարովը Գաբրիել Սարգսյանի հետ խաղում էր սպիտակներով: Անկեղծ ասած հենց այդ պարտիայից էի վախենում, որ կարողանանք հաղթել սեւերով, բայց ամենահեշտն այս պարտիան ստացվեց: Սկզբնախաղից դուրս գալուց Մամեդյարովը սխալվեց, մի քանի զինվոր զոհաբերեց, որն իր հետեւանքով բավականին ուժեղ հակախաղ էր ստանում սպիտակ ֆիգուրները: Այս դեպքում ինչ-որ բան լավ չէր հաշվարկել եւ ուղղակի մնաց մի զինվոր պակաս: Հետագայում Գաբրիելը անցավ վերջնախաղ, որտեղ, օգտագործելով մեկ զինվորի առավելությունը, վստահ հաղթանակ տարավ:

Ռոբերտ Հովհաննիսյանը, ինչպես մյուս բոլոր պարտիաներում, այս պարտիայում էլ շատ վստահ խաղաց: Գրեթե առանց կասկածի, ավելացնելով ճնշումն ու առավելությունը, հասավ հաջողության: Կարելի է ասել, Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիայի մեկնարկից 1,5 ժամ անց ակնկալվում էր, որ հաղթելու ենք, միայն հայտնի չէր՝ ինչ հաշվով:

Հրանտ Մելքումյանն ուներ փոքր առավելություն, բայց, կարծես, տեսնելով, որ Գաբրիելն ու Ռոբերտը վստահ հաղթում են, պարտիան ավարտեց ոչ ոքի:

Մանուել Պետրոսյանի մոտ դրությունը մի քիչ բարդ էր սկզբից, բայց հետագայում նա նույնպես ուներ առավելություն: Ուղղակի երեւի փորձեց ռիսկի չգնալ եւ ավարտել ոչ ոքի, որպեսզի անակնկալ չլինի եւ հաղթանակ տանենք:

3:1 հաշվով հաղթել Ադրբեջանին շատ լավ արդյունք է, այն էլ Օլիմպիադայի նախավերջին տուրում:

Դեռ կա վերջին խաղ եւ ամեն ինչ առջեւում է: Ուզբեկստանի հավաքականն այսօր ոչ ոքի է խաղացել եւ ուզբեկների հետ կիսում ենք առաջին տեղը:

Այս պահին ոսկե մեդալի ի՞նչ հնարավորություն եք տեսնում:

Պետք է փաստենք, որ Օլիմպիադան շատ հաջող է ստացվել մեզ համար, հաջող ենք հանդես եկել: Անկախ վերջին տուրի արդյունքից, շատ լավ անցկացված մրցաշար էր մեր հավաքականի համար: Ցանկալի կլիներ, որ վերջին խաղը կարողանանք հաղթել: Հաղթելու դեպքում երկրորդ տեղը միանշանակ է եւ անձնական ցուցանիշներով գուցե շանսեր կունենանք նաեւ չեմպիոն դառնալ:

Նույնը չեմ կարող ասել կանանց հավաքականի մասին: Աղջիկները, ցավոք, պարտվեցին Ադրբեջանի հավաքականին: Այս պահին արդեն մեդալի որեւէ հավակնություն չունենք: Կանանց թիմը նույնպես բավականին լավ մրցաշար անցկացրեց: Մրցաշարի ընթացքում գտնվել են բարձր տեղերում: Հուսանք՝ վերջին խաղը հաղթելով, տեղ կգրավենք լավագույն տասնյակում:

Տիգրան, նախորդ տասը տուրերի ընթացքում ո՞րն էր ամենալարվածը:

Շատ են եղել լարված տուրեր: Կային պարտիաներ, որ դժվար էր կանխագուշակել արդյունքը: Մրցաշարից առաջ թվում էր, թե ամենաբարդը լինելու է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հավաքականների հետ մրցախաղերը, բայց, թերեւս, քիչ թե շատ հեշտ այդ դիմակայությունները ստացվեցին: Շատ էին բարդ ու լարված պարտիաները: Նույնը երեկվա Ուզբեկստանի հետ դիմակայությունը։ Կարող եմ ասել՝ որքան հեշտ հաղթեցին ԱՄՆ-ին եւ Ադրբեջանին, այդքան հեշտ երեկ պարտվեցին Ուզբեկստանին:

Նշեցիք, որ Ադրբեջանի հետ միշտ հավելյալ լարվածություն է լինում:

Իսկապես կա լրացուցիչ լարվածություն, բայց նշեմ, որ նրանց մոտ այդ լարվածությունն ավելի ակնհայտ է, քան մեզ մոտ: Նույնը այս խաղում էր: Ուրախ եմ, որ մեր թիմը կարողացավ հաղթահարել այդ լարվածությունը եւ վստահ հաղթանակ տանել, ինչը շատ կարեւոր էր բոլորիս համար: Ոչ միայն շախմատի, այլեւ մեր երկրի համար շատ հաճելի պահ էր:

Վաղը վերջին տուրում մեր մրցակիցը Իսպանիայի հավաքականն է: Ի՞նչ սպասել այս դիմակայությունից:

Իսպանիայի հավաքականի առաջին երկու համարներ Շիրովն ու Վալիեխոն վերջին մի քանի տարիներին այդքան ակտիվ չեն մասնակցում մրցումների, չեմ կարծում, որ շատ վտանգավոր են: Ավելի շատ վտանգավոր են երրորդ եւ չորրորդ խաղատախտակները: Ամեն դեպքում՝ բավականին հարմար հավաքական է վերջին տուրում հաղթելու համար: Հաղթելու դեպքում երկրորդ տեղն ապահովում ենք: Վիճակահանության առումով մեր բախտը բերել է:

Վերջին որոշիչ տուրից առաջ ի՞նչ խոսքերով կաջակցեք մեր հավաքականին:

Կցանկանամ, որ մեկ վերջին անգամ կենտրոնացնեն բոլոր ուժերը: Հասկանալի է, որ բոլորն արդեն ֆիզիկապես հոգնել են: Օլիմպիադան երկար մրցաշար է,  շատ էներգիա է տանում մարդուց, քանի որ լարվածությունը շատ մեծ է, հատկապես երբ պայքարում ես բարձր տեղերի համար: Հաջողություն եմ մաղթում: Ես վստահ եմ մեր տղաների վրա, որ կկարողանան պատվով դուրս գալ այս իրավիճակից եւ սպասում ենք հաղթանակած վերադարձի հայրենիք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով