23:05  ,  8 օգոստոսի, 2022

Գաբրիել Սարգսյան․ Անսպասելի է այս արդյունքը, քանի որ խաղում ենք առանց Լեւոն Արոնյանի

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը մեկնաբանել է Ադրբեջանի նկատմամբ հաղթանակը Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում։ Գաբրիել Սարգսյանը պարտության էր մատնել Շահրիյար Մամեդյարովին։ Հայաստանի թիմը հաղթել էր 3:1 հաշվով եւ Ուզբեկստանի թիմի հետ կիսում է առաջին տեղը՝ 17-ական միավոր։

«Ադրբեջանի դեմ միշտ էլ նյարդային է լինում պայքարը, քանի որ շատ ուժեղ թիմ է։ Մրցամարտի սկիզբը լավ ստացվեց, քանի որ սկզբնախաղում Մամեդյարովը սխալ թույլ տվեց։

Ոչ միայն շախմատային աշխարհի համար է անակնկալ մեր դիրքը վերջին տուրից առաջ։ Մեր թիմի համար էլ անսպասելի է այս արդյունքը, քանի որ խաղում ենք առանց Լեւոն Արոնյանի։ Անկախ վերջին տուրի արդյունքից, մեր թիմի համար արդեն շատ լավ արդյունք է։

Չգիտեմ, թե որն է մեր թիմի հաջողության գաղտնիքը։ Յուրաքանչյուրն է սիրում իր երկիրը, եւ Օլիմպիադան առանձնահատուկ մրցաշար է։ Բոլորն էլ ցանկանում են առավելագույնն անել։ Բոլորս թիմում շատ լավ ընկերներ ենք։ Գուցե, դա առավելություն է տալիս։ Շատ լավ մթնոլորտ է թիմում։ Հնարավոր է՝ որոշ թիմերում չկա այդ լավ մթնոլորտը»,- ասել է Գաբրիել Սարգսյանը։

Օգոստոսի 9-ին անցկացվելիք վերջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիայի թիմը։ Ուզբեկստանը կմրցի հոլանդացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English