18:03  ,  28 հուլիսի, 2022

Հայ գեղասահորդները պատրաստվում են Երեւանի Գրան պրիին, Հայաստանում էին նաեւ ռուս գեղասահորդները (ֆոտո, վիդեո)

Գեղասահքի մարզադպրոցում ակտիվ մարզումային շրջան է՝ չնայած ավարտված մրցաշրջանին եւ ամառային արձակուրդներին: Հուլիսի 15-27-ը Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի սահադաշտում կրկին ռուս անվանի գեղասահորդներն  էին: Այս անգամ Երեւանում հավաք էին անցնում Ռուսաստանի հավաքական թիմի անվանի մարզիչներ Սվետլանա Սոկոլովսկայայի եւ Եվգենի Ռուկովիցինի թիմերը:

Ռուս գեղասահորդներին զուգահեռ մարզադպրոցում հավաք ունեցան նաեւ հայ պատանի եւ երիտասարդ գեղասահորդները, որոնք պատրաստվում են սեպտեմբերին Երեւանում անցկացվելիք Գրան պրի մրցաշարին:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի խոսքով, ռուս գեղասահորդների հերթական հավաքները Երեւանում մեծ մոտիվացիա են մարզաձեւով զբաղվող հայ գեղասահորդների համար:

«Այս շրջանում ռուս գեղասահորդների համար Երեւանի մարզադպրոցը լավագույն վայրն է հավաք անցկացնելու համար: Ինչպես հայտնի է, այս շրջանում ռուսները խնդիրներ ունեն այլ երկրներում հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու հարցում եւ նախընտրում են Հայաստանում հավաքներ անել: Մայիսին էլ Երեւանում էր ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինն իր թիմի հետ: Սա մեզ համար մեծ առավելություն է եւ սիրով ենք հյուրընկալում մեր ռուս կոլեգաներին: Այս շրջանում մարզադպրոցում արձակուրդ է, եւ նրանց մարզումները ոչնչով չեն խանգարում դպրոցի աշխատանքներին: Ֆեդերացիան եւս ուրախ է մեր երկրում ընդունել գեղասահքի լեգենդներին: Հուլիսի 27-ին նրանց վերջին մարզումային օրն էր: Ինչպես Ալեքսեյ Միշինը եւ նրա թիմը, այնպես էլ Սոկոլովսկայան եւ Ռուկովիցինը գոհ են երեւանյան մարզումներից, նրանց դուր է եկել մեր սառույցը եւ ամառվա վերջին հավաքը մրցաշրջանի մեկնարկից առաջ համարում են արդյունավետ:

Այս անգամ նրանց հավաքը փակ էր, միայն իրենց թիմն էր աշխատում սառույցի վրա, բայց նաեւ թույլ էին տալիս, որ մեր երեխաները հետեւեն մարզումներին: Եվգենի Ռուկովիցինին խնդրել եմ հաջորդ հավաքն անել համատեղ հայ լավագույն գեղասահորդների հետ»,- ասաց Մելանյա  Ստեփանյանը:

Ռուս գեղասահորդներից հետո երեւանյան սառույցը հայ պատանի եւ երիտասարդ գեղասահորդներինն էր, որոնք պատրաստվում են Գրան պրիից առաջ ներքին ստուգատեսի:

Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի մարզիչ, ՀԳՖ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը նշեց, որ սեպտեմբերին անցկացվելիք Գրան պրի մրցաշարի մասնակիցները պետք է ընտրվեն ստուգատեսով:

«Մարզադպրոցում արձակուրդ է, բայց մենք շարունակում ենք մեր մարզումները, որպեսզի պատրաստվենք աշխարհի գավաթի փուլերին, որից մեկն անցկացվելու է Երեւանում սեպտեմբերի 23-26-ը: Մեզ համար մեծ ձեռքբերում է ընդունել Գրան պրի մրցաշարերից մեկը: Ինչպես ասում են՝ տանը պատերն էլ են օգնում: Հավաքին մասնակցում են 10-12 գեղասահորդ: Փորձելու ենք լաավագույն արդյունքը ցույց տալ Junior կարգի մրցաշարերում»,- ասաց Գեղամ Վարդանյանը:

Մարզիչ, ՀԳՖ մարզչական խորհրդի անդամ Սոֆա Հարությունյանը մանրամասնեց, որ Junior կարգում Գրան պրի մրցաշարերին մասնակցելու իրավունք կստանան ստուգատեսում համապատասխան միավորներ հավաքած գեղասահորդները:

«Օգոստոսի 30-31-ին կանցկացնենք ստուգատես, որպեսզի ընտրենք երեք լավագույն գեղասահորդներին, որոնք աշխարհի գավաթի փուլերում կներկայացնեն Հայաստանը: Ընտրության կարգը լինելու է ըստ միավորների: Կան սահմանված միավորներ եւ ովքեր կլրացնեն  միավորները, իրավունք կստանան մասնակցել մրցաշարերին: Այդ որոշումը կայացվել է հուլիսի 2-ին ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիսում: Ըստ որոշման՝ տեխնիկական միավորների մինիմումը աղջիկների համար 14.00 կարճ ծրագրի միավորն է, 22.00՝ ազատ ծրագրինը: Տղաների համար կարճ ծրագիր՝ 18.00 միավոր, 27.00՝ ազատ ծրագիր: Պահանջված կարգը՝ սպորտի վարպետի թեկնածուն է: Այս պահին դեռեւս միայն Սեմյոն Դանիելյանցն ունի հապատասխան միավորներ, որը հավաքել է Հայաստանի առաջնությունում»,- ասաց Սոֆա Հարությունյանը:

«Ստուգատեսից հետո պարզ կլինի, թե ովքեր են ընդգրկվելու կազմ: Գրան պրի մրցաշարերից, այդ թվում եւ Երեւանում անցկացվելիք մրցաշարից սպասելիքներ ունենք: Հուսանք, մեր գեղասահորդները լավ հանդես կգան եւ իրենց լավագույն արդյունքները ցույց կտան մրցումների ժամանակ»,- հավելեց Գեղամ Վարդանյանը:

Մարզիչը նկատեց նաեւ, որ ռուս անվանի գեղասահորդների միաժամանակյա հավաքը ոգեւորիչ է հայ գեղասահորդների համար:

«Այստեղ էին Ռուսաստանի հավաքականի լավագույն մարզիչների սաները եւ հավաքների այս համընկնումը միայն ոգեւորում է հայ գեղասահորդներին: Մեծ ուշադրությամբ հետեւում ենք նրանց մարզումներին: Սա փորձի փոխանակման լավագույն միջոցն է: Այս անգամ միայն նայելով են մեր գեղասահորդները փորձում կատարելագործել իրենց սպորտային ունակությունները»,- ասաց Գեղամ Վարդայանը:

Մելանյա Ստեփանյանի խոսքով, վարկանիշներով Գրան Պրի մրցաշարերի մասնակցության իրավունք ունենալն իր անձնական որոշումը չէ, միջազգային ֆեդերացիայի պահանջն է:

«Ես չեմ ընդունել այս որոշումը: Վարկանիշներով մասնակցության իրավունք ունենալը միջազգային ֆեդերացիայի պահանջն է: Այս միավորները հնարավորություն են տալիս գեղասահորդներին մասնակցել ինչպես աշխարհի գավաթի փուլերին, այնպես էլ այլ միջազգային մրցաշարերին: Այս որոշման եւ տեխնիկական միավորների մինիմումների պահանջի մասին տեղեկացրել եւ խորհրդակցել եմ ԿԳՄՍ նախարարությանը, ՀԱՕԿ-ին, որպեսզի բոլորը տեղյակ լինեն եւ ընդունեն ֆեդերացիայի որոշումը: Ստուգատեսին տեխնիկական անձնակազմում կլինեն նաեւ դրսից հրավիրված մասնագետներ: Այստեղ կլինի Սարգիս Թեւանյանը, որն աշխարհում տեխնիկական մասնագետների մեջ լավագույններից է: Ներկայացուցիչներ կհրավիրեմ նաեւ նախարարությունից եւ ՀԱՕԿ-ից»,- ասաց Մելանյա Ստեփանյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում