17:35  ,  27 հուլիսի, 2022

ՀԲՖ-ն ամփոփել է Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականների արդյունքները

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստում ամփոփվել են 2022 թվականի Եվրոպայի առաջնություններում Հայաստանի ազգային հավաքականի և մինչեւ 16 տարեկանների հավաքականների արդյունքները: Դրանք գնահատվել են լավ, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

Նշվել է, որ հաջորդ տարի ևս պետք է մասնակցել Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզոններին: Որոշվել է, որ մինչև սեպտեմբեր տարիքային բոլոր հավաքականներում կլինեն մարզչական նշանակումներ: Իսկ մինչև հոկտեմբեր կհստակեցվի կանանց Մ20 տարեկանների գալիք տարվա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում մասնակցության հարցը:

Օրակարգի մեկ այլ հարցով խոսվել է տղամարդկանց Հայաստանի կանոնավոր առաջնության անցկացման մասին: Որոշվել է, որ 2022/2023 մրցաշրջանում Հայաստանի առաջնությունը կանցկացվի բասկետբոլի ֆեդերացիայի հովանո ներքո: Առաջնության ձևաչափը և մասնակիցների կազմը հայտնի կդառնա մինչև օգոստոսի 20-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն, իսկ Հայաստանի տղամարդկանց և կանանց մինչև 16 տարեկանների հավաքականները՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ: Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 18 թիմերի պայքարում գրավել է 16-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում