13:02  ,  17 հուլիսի, 2022

Միհրան Հարությունյան․ Պատերազմից հետո մեծ դժվարությամբ իմ մեջ ուժ գտա նորից վերադառնալ սպորտ

Մի պահ ցանկություն կար ամեն ինչ թողնել, հեռանալ սպորտից: Անձնական խնդիրների պատճառով, նաեւ պատերազմից հետո մեծ դժվարությամբ իմ մեջ ուժ գտա նորից վերադառնալ սպորտ: Գուցե նաեւ վերադառնամ ըմբշամարտի գորգ, բայց դեռ միայն մտածում եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը:

Այս գարնանը Միհրան Հարությունյանը պայմանագիր կնքեց ամերկյան UpNextFighting ընկերության հետ եւ մայիսի 21-ին իր 6-րդ մենամարտն անցկացրեց MMA-ում (6-5-1): ԱՄՆ-ում տեղի ունեցած մենամարտում օլիմպիական փոխչեմպիոնը երրորդ ռաունդում հաղթեց ամերիկացի Արթուրո Էրնանդեսին: Այս շրջանում MMA մարտիկը պատրաստվում է իր հերթական մենամարտին, որն անցկացնելու է օգոստոսի 20-ին Լոս Անջելեսում: Մրցակիցը 39-ամյա ամերիկացի Դավիդ Դուգլասն է «Տարզան» մականունով (19-10-9):

Միհրան, մեկ տարի դադար ունեցար խառը մենամարտերում: Ինչո՞վ էր պայմանավորված:

Դադարը մեկ տարի չէր: Դրանից առաջ ես ունեցա մեծ դադար: Մինչեւ ԱՄՆ գալս գրեթե 3 տարի ոչ լիարժեք էի մարզվում եւ մենամարտեր անցկացնում: Անձնական խնդիրների պատճառներով շատ բարդ փուլ անցա իմ կյանքում եւ հոգեպես ուղղակի չէի կարողանում կենտրոնանալ մարզումներիս վրա: Եկա ԱՄՆ գիրացած, մեծ քաշ էի հավաքել, այսինքն՝ ամեն ինչ պետք է սկսեի նորից՝ քաշ կորցնել, մարզավիճակ հավաքել: Այստեղ եկավ մի պահ, որ մարզումներից հետո աստիճանաբար զգացի փոփոխություն եւ ցանկություն՝ ամեն ինչ վերսկսել: Որոշեցի, որ ես ինձ պետք է «հավաքեմ» եւ կարողանում եմ դա անել: 2021 թվականի մենամարտից առաջ էլ կար մի շրջան, որ ես առհասարակ չէի մարզվում, ոչինչ չէի անում եւ չէի ցանկանում անել: Հետո ինքս ինձ ասացի, որ ցանկանում եմ մենամարտ անցկացնել: Երկու ամիս անցկացրի մարզադահլիճներում ու դուրս եկա ութանկյուն, հաղթեցի ռուսաստանցի Ախմեդովին: Այսպես գրեթե երեք տարի ինձ մոտ դադարներ են եղել: Այժմ վստահ կարող եմ ասել՝ ես ուզում եմ եւ դեռ կմենամարտեմ առաջիկա 5-6 տարին, որքան ուժերս ներեն: Կարծում եմ՝ այս դադարները կյանքում պետք են: Ինձ պետք էին, որ ես լիարժեք հասկանայի, թե ինչ եմ իրականում ուզում:

Ինչո՞ւ տեղափոխվեցիր ԱՄՆ:

Խառը մենամարտերում կարեիրաս սկսել եմ այստեղից: Մարզիչները, որոնց հետ սկսել եմ MMA-ում իմ ուղին, այստեղ են՝ Ռոմա Քալանթարյանը, Անդրանիկ Բերմենջյանը, Էդվին Նաջմին: Կարծում եմ, որ սա լավագույն վայրն է խառը մենամարտերով պրոֆեսիոնալ զբաղվելու եւ առաջ գնալու համար: Ինձ հաճելի է այս մարզիչների հետ աշխատել: Ամեն օր ես զգում եմ իմ վրա փոփոխություն դեպի լավը: Այլ մակարդակի մոտեցում է մարտիկի, մարզումների նկատմամբ: Այստեղ ժամանակ չունեմ հանդիպել իմ ընկերներին, ազատ ժամանակ անցկացնել ու ինձ ծանրաբեռնվածությունը դուր է գալիս: Այստեղ այն է, ինչ ես սիրում եմ՝ ամեն ինչ շատ բարդ: Այս պահին չեմ կարող ասել, որ ես լավագույն մարզավիճակում եմ, ինձ մոտ գագաթնակետն է: Այս դադարը թողել է իր հետքը, մասնավորապես հոգեբանորեն ես դեռ շատ հաղթահարելու բան ունեմ: Դժվար է հավաքվել, եթե ներքուստ դու խաղաղ չես ինքդ քեզ հետ: Դժվար է ամեն օր արթնանալ ու ինքդ քեզ ասել, որ պետք է ամեն ինչ թողնես անցյալում, կենտրոնանաս քո մարզումների, մենամարտերի վրա:

Այդ դժվար շրջանից հետո ի՞նչը քեզ ուժ տվեց վերադառնալ սպորտ: Ինչպե՞ս ես ինքդ քեզ մոտիվացնում:

Անկեղծ կլինեմ. Վերջին շրջանում չկա մեկը կամ մի բան, որն ինձ մոտիվացնում է: Ամեն ինչ իմ մեջ է: Մի պահ ցանկություն կար ամեն ինչ թողնել, հեռանալ սպորտից: Այդ երեք տարին սպորտից հեռանալու մտքերն ինձ հանգիստ չէին տալիս: Անընդհատ գլխումս պտտվում էր հարցը՝ հետո ի՞նչ է լինելու, ի՞նչ եմ անելու, ի՞նչն է իմաստը...

Հիմա հանդարտվել են այդ հարցերը, գտել եմ դրանց պատասխանը, որ ես ուզում եմ շարունակել ավելի ուժեղ եւ ավելի մեծ եռանդով: Հասկացա, որ ես ուղղակի իրավունք չունեմ այլեւս ինձ թույլ տալ այդպիսի երկար դադարներ եւ, առհասարակ դադարներ. ինձ այդ դադարները սազական չեն եւ ոչինչ չեն տալու, միեւնույն է ես շարունակում եմ ապրել սպորտով:  Ես եմ ինձ մոտիվացնում՝ «ես ուզում եմ մենամարտել», «կարող եմ» եւ «պետք է դա անեմ», «պարտավոր եմ անել» արտահայտություններով:

Քո դադարը համընկավ հետպատերազմյան շրջանի հետ: Բացի անձնական խնդիրներից, արցախյան պատերազմը, որի օրերին դու մարտական գործողությունների թեժ կետերում էիր, ի՞նչ հետք թողեց քո մեջ:

Ես նոր եմ վերականգնվում ապրումներիցս հետո եւ բոլոր այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան: Ես չեմ օգտվում ֆեյսբուքից, չեմ հետեւում լուրերի: Հոգուս խորքում ուզում եմ ամեն ինչ իմանալ, թե ինչ է կատարվում, ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում, բայց միտումնավոր թերթում եմ լուրերը, թեքում հեռուստացույցի ալիքը: Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրադարձություններին չեմ հետեւում: Ես մի կերպ եմ հոգեպես «ապաքինվել», եթե կարելի է այդպես անվանել: Պատերազմը շատ մեծ հետք թողեց իմ հոգում: Նոր եմ ուշքի գալիս այն ամենից ինչ տեսա, զգացի, ապրեցի այդ օրերին, երբ ընկերներիս հետ գնացել էի իմ փոքր հումանիտար օգնությունը ցուցաբերելու արցախցիներին:  Եթե ես սկսեմ հետեւել իրադարձություններին, նորից ներաշխարհս կխառնվի, ինձ այդ մտքերը մթության մեջ կգցեն: Շատ դժվար է այդ իրավիճակից դուրս գալ: Նույնիսկ Հայաստան գալն էր ինձ համար դժվար: Հիմա խնդիրս իմ հնարավորությունների չափով մեր ժողովրդին ուրախացնելն է, փոքրիկ հաղթանակներ նվիրելը:

Միհրան, Հայաստանում քեզ շատերը սիրեցին, մասնավորապես Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո: Շատերը քեզ դեռ հիշում են, հետեւում MMA-ում քո մենամարտերին, սպասում քո հաղթանակներին: Կա՞ պատասխանատվության զգացում, որ դու քո ազգին դեռ ասելիք ունես:

Շատ լավ հարց տվեցիր, անկեղծ. վերջերս ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ես ներկայացնում եմ իմ ազգը: Համաձայն եմ՝ ինձ Հայաստանում շատերը սիրեցին, սիրում են, շատերն էլ ատում են ու դա ինձ ավելի մեծ ուժ է տալիս շարունակել ներկայացնել իմ ազգը, Հայաստանը: Եթե ես կարող եմ նորից ինչ-որ բան անել իմ ազգի համար, պետք է անեմ, պարտավոր եմ անել: Ոչ թե նրա համար, որ Հայաստանում ինձ գնահատեն, այլ միայն նրա համար, որ ես հայ եմ: Այս դադարից հետո ես ինձ ավելի շատ եմ հայ զգում եւ ավելի մեծ է հպարտությունս, որ հայ եմ: Կարեւոր չի, թե ես որքան կմնամ մարդկանց հիշողություններում, հայկական սպորտի պատմության մեջ որքան կհիշվեմ, այլ ես ուզում եմ ուղղակի իմ մենամարտերով եւ հաղթանակներով թեկուզ կարճատեւ ուրախություն պարգեւել, հատկապես պատերազմից հետո: Չեմ ձգտում փառքի, ճանաչողության, չեմ երազում այն մասին, որ ամեն քայլափոխին ինձ ասեն՝ լուսանկարվենք կամ տեսեք՝ Միհրան Հարությունյանը: Ինձ դա պետք չի: Ես ուզում եմ, որ սովորական մարդիկ իմ հաղթանակների մասին լսելիս, թեկուզ ոչ բարձրաձայն, իրենց մտքում ասեն՝ այս տղան, իսկապես, մեր ազգի համար ինչ-որ բան է անում:

Սպորտում այժմ շատ է անարդարությունը, կեղտը, բայց ես համարում եմ միակ լուսավոր միջոցը, որի շնորհիվ դու կարող ես փառաբանել քո ազգին, բարձր պահել քո երկրի պատիվը: Ինքս շատ եմ ուրախանում, երբ տարբեր մարզաձեւերում հայ մարզիկներ դառնում են Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ, մեդալակիրներ, մեդալ նվաճում կարեւոր մրցաշարերում: Մեծ մասին անձամբ չեմ ճանաչում, բայց պարբերաբար իմ սոցիալական էջերում կիսվում եմ նրանց հաղթանակներով, պատմում բոլորին հայ չեմպիոնների մասին: Ինձ համար սա է մոտիվացիան, եւ ես ուզում եմ շարունակել լինել հայ ժողովրդին ուրախացնող այդ մարզիկներից մեկը: Այս պահին ավելի ուժեղ եւ բուռն է ցանկությունս շարունակել ուրախություն պարգեւել իմ ժողովրդին:

Այդ բուռն ցանկությունդ միայն ММА-ու՞մ է:

Կլինեմ անկեղծ. ըմբշամարտի գորգ վերադառնալու մասին երբեմն-երբեմն մտքեր են գալիս՝ եւս մեկ անգամ փորձել ուժերս գորգում: Իմ ազգը ինձ սիրեց ըմբշամարտով: Մտքումս պտտվում է գորգ վերադառնալու մասին մտքերը: Գուցե հիմա շատերին իմ այս մտքերը դուր չգան, բայց վստահ կարող եմ ասել, որ վերադարձս ըմբշամարտ իմ երկրին վնաս չի տա: Ես չեմ հայտարարում վերադարձի մասին, բայց մոտ եմ այդ որոշմանը: Ամեն դեպքում դեռ անելիքներ ունեմ այստեղ, դեռ պետք է ներաշխարհս կարգի բերեմ, իմ առջեւ դրած խնդիրները լուծեմ, բարդություններ ստեղծեմ եւ հաղթահարեմ դրանք: Ժամանակը ցույց կտա, թե այս նոր փուլն ինձ ուր կբերի կյանքում:

Հետեւու՞մ ես Հայաստանի հավաքականի մրցելույթներին: Ի՞նչ կասես ներկայիս կազմի մասին:

Հետեւում եմ, նաեւ հանդիպում եմ մեր տղաներին այստեղ՝ ԱՄՆ-ում: Այս այցիս ժամանակ, երբ նոր էի եկել՝ Արթուր Ալեքսանյանին հանդիպեցի, միասին միջոցառման մասնակցեցինք, Մալխաս Ամոյանն էր եկել: Լավ կազմ ունենք, հատկապես երիտասարդները շատ հեռանկարային են: Կա մի բայց, իմ կարծիքով մեր հավաքականն այդքան էլ միասնական չէ: Սա զուտ իմ տեսակետն է, բայց ես տեսնում եմ, որ այդքան էլ միասնական չեն: Կարծես՝ ընկերական մթնոլորտ չկա թիմում: Ես կուզեի, որ մի քիչ ավելի շատ ջերմություն լիներ թիմում, մրցումների ժամանակ բոլորով միասնական աջակցեին թիմակիցներին, օգնեին: Թիմային ոգին պետք է բարձր լինի, ինչը, իմ կարծիքով, բացակայում է: Եթե ես մի օր որոշեմ վերադառնալ, շատ կուզեմ տեսնել ջերմ մթնոլորտով, ընկերասեր եւ միասնական թիմ: Եթե նույնիսկ մի օր մարզիչ լինեմ, կուզեմ այդպիսի թիմ ունենալ:

Այսինքն՝ նաեւ մարզչության մասին ես մտածո՞ւմ: Երբեւէ պատկերացրե՞լ ես քեզ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի կարգավիճակում: Կուզեի՞ր:

Անհնարին ոչինչ չկա (ծիծաղում է): Կուզեի, ինչու ոչ, բայց դրա մասին չեմ մտածում ու երբեք չէի մտածել: Կարծում եմ՝ լավ մարզիչ կլինեի, կօգնեի տղաներին: Այստեղ էլ շատերին իմ դրական արձագանքը դուր չի գա, բայց առայժմ բավարարվենք այնքանով, որ ես մտորում եմ գորգ վերադառնալու մասին որպես մարզիկ: Մարզիչ լինելու մասին հետո կմտածենք:

Վերադառնալով MMA-ին, նոր պայմանագիր ունես ամերիկյան UpNextFighting ընկերության հետ: Ի՞նչ ծրագրեր կան ապագայում: Ե՞րբ կտեսնենք քեզ UFC-ում:

UpNextFighting ընկերությունն ինձ շատ է դուր գալիս: Դեռ մեկ տարով է պայմանագիրս: Կարծում եմ՝ կերկարաձգեմ: Այստեղ իրենց գործի մասնագետներ են աշխատում: Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է: Պայմանագիր կնքելիս չեմ նայել ֆինանսական մասին, որովհետեւ, իսկապես հոնորարի համար չեմ մենամարտում: Նախորդ ու առաջիկա մենամարտս չնչին հոնորարներ են, բայց ինձ համար կարեւորը լավ մարզավիճակ հավաքելն է, մենամարտեր ունենալը եւ ինքս ինձ ապացուցելը, որ ես կարող եմ հաղթահարել ցանկացած բարդություն, նորից հաղթանակներ տոնել սպորտում: Այժմ պատրաստվում եմ օգոստոսի 20-ին անցկացվելիք 7-րդ մենամարտիս: Շատ ծանրաբեռնված մարզումներ ենք անում։ Հուսամ՝ այստեղ էլ կկարողանամ հաղթել: Մրցակիցս ամերիկացի է, որն անցկացրել է 19 մենամարտ, հաղթել 10-ում, 9-ում պարտություն կրել:

Դեռեւս UFC-ի մասին չեմ մտածում: Իհարկե, կա նպատակ, բայց դեռ ժամանակը չի: Այդ պահին էլ կարող եմ մենամարտ ունենալ, մտնել UFC, բայց չեմ ուզում շտապել: Ես ուզում եմ այնտեղ գնալ շատ լավ վիճակում, վստահ, որ պատրաստ եմ հաղթել: Չեմ ցանկանում զուտ անվան, փառքի համար տեղափոխվել այնտեղ: Ինձ դա պետք չի: Դեռ մարզավիճակ եմ հավաքում: Երբ հասունանա պահը, կտեղափոխվեմ UFC:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով