01:20  ,  14 հուլիսի, 2022

ՉԼ․ «Փյունիկը» դուրս թողեց պայքարից «Կլուժին»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժին» եւ առավելության հասավ հետխաղային 11 մետրանոցներով։

Խաղի հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց «Կլուժի» գանացի պաշտպան Բիսմարկ Անջեյ-Բոատենգը։ «Փյունիկը» հավասարությունը վերականգնեց  89-րդ րոպեին։ Անկյունայինից հետո աչքի ընկավ սերբ պաշտպան Զորան Գայիչը, որին գոլային փոխանցում կատարեց կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը՝ 1:1։

Պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 94-րդ րոպեին «Կլուժի» երկրորդ գոլը խփեց ռումինացի կիսապաշտպան Կլաուդիու Պետրիլան։

108-րդ րոպեին «Փյունիկը» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Հովհաննես Հարությունյանը չկարողացավ արդյունավետ իրացնել։ Դարպասապահը սեյվ կատարեց։

119-րդ րոպեին Զորան Գայիչը երկրորդ գոլը խփեց՝ փրկելով «Փյունիկին» պարտությունից լրացուցիչ ժամանակում` 2:2։

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին Հայաստանի չեմպիոնները՝ 4:3:

«Կլուժից» վրիպեցին Պետրիլան ու Կամորան, որի հարվածը հետ մղեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

«Փյունիկից» վրիպող չեղավ։ Աչքի ընկան մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչյուկը, կիսապաշտպան Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը եւ կիսապաշտպան Արթուր Ավագյանը։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որը պայքարից դուրս է թողել Ալբանիայի «Տիրանային» (1:0, 2:1): Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Երեւանում։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Կլուժ» (Ռումինիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 2։2, 11մ՝ 3:4 (հիմնական ժամանակ՝ 1:1), (առաջին խաղ՝ 0:0)

Բիսմարկ Անջեյ-Բոատենգ, 6, Կլաուդիու Պետրիլա, 94 - Զորան Գայիչ, 89, 119

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով