16:32  ,  12 հուլիսի, 2022

Էդուարդ Սահակյան․ Կարծում եմ՝ Արմեն Բաբալարյանի մոտ ամեն ինչ լավ կստացվի

Ֆեդերացիան որոշեց, որ ես պետք է հեռանամ հավաքականից: Ափսոսանք կա, որ կարող էինք ավելի շատ անել: Արմեն Բաբալարյանը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա մոտ ամեն ինչ լավ կստացվի: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Տեւական ժամանակ հայտնի էր, որ Էդուարդ Սահակյանը հեռացել է հավաքականից, բայց ոչ ֆեդերացիան, ոչ մարզիչը պաշտոնապես այդ մասին չէին հայտարարում: Հուլիսի 12-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրեց նոր գլխավոր մարզիչին՝ Արմեն Բաբալարյանին: Էդուարդ Սահակյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 2019 թվականից եւ փոխարինել էր օլիմպիական չեմպիոն, ազգային հավաքականը 20 տարի գլխավորած Լեւոն Ջուլֆալակյանին:

Պարոն Սահակյան, ինչո՞ւ որոշեցիք հրաժարական տալ կամ ո՞ւմ որոշմամբ հեռացաք հավաքականից:

Ֆեդերացիայի որոշմամբ եմ հեռացել հավաքականից: Այլեւս որեւէ կապ չունեմ հավաքականի հետ, թոշակի եմ անցել: Այդ թեմայով չեմ սիրում խոսել, ոչինչ չունեմ ասելու: Ամեն դեպքում սա ֆեդերացիայի որոշումն էր: Չեմ հեռանում ըմբշամարտից, շարունակելու եմ աշխատել որպես մարզիչ: Կարեւորն այն է, որ իմ մարզչության տարիներին մեր հավաքականին վնաս չեմ տվել: Ինձ մոտ ստացվել է տղաներին օգնել որքան հնարավոր է ավելացնել մեդալները: Մնացածի մասին թող խոսեն մեդալները, որոնք մենք նվաճել ենք:

Կա՞ ափսոսանք, որ հեռանում եք հավաքականից:

Իհարկե, դա էլ կա: Կարելի էր ավելի շատ անել, բայց մարզիչն ամեն տեղ է մարզիչ: Կշարունակենք աշխատել, բարձր մակարդակով ըմբիշներ պատրաստել, օգնել մեր մարզիկներին:

Ձեզ փոխարինում է երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը: Ի՞նչ կասեք նրա մասին:

Արմեն Բաբալարյանն իմ սանն է եղել: 12 տարեկանում մտավ դահլիճ, 4-5 տարի աշխատանքից հետո արդեն ունեցավ հաջողություններ, դարձավ Սովետական Միության պատանիների չեմպիոն, հետո երիտասարդների եւ այդպես քայլել է վերեւ: Նա պատահական մարզիչ չէ, ունի մեծ փորձ, հրաշալի անձնավորություն է: Կարծում եմ՝ նրա մոտ ամեն ինչ լավ կստացվի: Նա լավ մարզիչ է, որպես աշակերտ էլ շատ լավն է եղել: Մեր հարաբերությունները մինչ օրս բարձր մակարդակի վրա շարունակվում են:

Արմեն Բաբալարյանը Ձեզ փոխարինում է այն նույն փուլում՝ աշխարհի առաջնությունից առաջ, ինչ Դուք Լեւոն Ջուլֆալակյանին փոխարինեցիք: Ի՞նչ վիճակում եք թիմը հանձնում նոր մարզիչին աշխարհի առաջնությունից առաջ:

Թիմում աշխատանք կա անելու: Արմեն Բաբալարյանն էլ իր հերթին կտեսնի, թե ինչ մարզավիճակում են տղաները, կավելացնի, կձգի թիմին: Կարծում եմ՝ լավ արդյունքներ կլինեն աշխարհի առաջնությունում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով