15:12  ,  12 հուլիսի, 2022

Լեւոն Աղասյանն աշխարհի առաջնությունը բաց կթողնի վնասվածքի պատճառով

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լեւոն Աղասյանը, որն այս օրերին բուժում է անցնում Երեւանում:

Հուլիսի 15-24-ը ԱՄՆ-ի Օրեգոն  նահանգի Յուջին քաղաքում տեղի կունենա աթլետիկայի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի վազորդ Երվանդ Մկրտչյանը:

Լեւոն Աղասյանը նախորդ մրցաշարում ստացած վնասվածքից հետո դեռ չի վերականգնվել:

«Նախորդ մրցաշարում ոտքի վնասվածք ստացա կրնկի հատվածում: Որոշակի բուժում անցա եւ սկսեցի պատրաստվել աշխարհի առաջնությանը: Վերջին մարզումային օրերին կրնկիս ցավը նորից գլուխ բարձրացրեց եւ որոշեցինք ռիսկի չգնալ, որպեսզի վնասվածքն ավելի չխորանա:

Պատրաստվել էի աշխարհի առաջնությանը, այժմ էլ լավ մարզավիճակում եմ, բայց այս առաջնությունը բաց կթողնեմ, որպեսզի լիարժեք ապաքինվեմ: Այս շրջանում Երեւանում բուժում եմ անցնում»,- ասաց Լեւոն Աղասյանը:

Աշխարհի առաջնությում Հայաստանի միակ մասնակից Երվանդ Մկրտչյանը հանդես կգա 1500 մետր վազքում: Վազորդը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է:

Աշխարհի առաջնությանը հայտավորված  են 192 երկրների 1900 ներկայացուցիչներ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում