16:58  ,  7 հուլիսի, 2022

Եվրոպայի երիտասարդական չեմպիոններն ու մեդալակիներն ամփոփել են ԵԱ-ն

Ինձ չշփոթեցրեց ադրբեջանցու վարքը պարգեւատրման արարողության ժամանակ, չնայած նրան, որ գորգում ինձ ձեռքով ողջունել էր եւ ընդունել իր պարտությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմեց ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի նորընծա չեմպիոն Հայկ Պապիկյանը:

Հունիսի 30-ից հուլիսի 3-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ավետիք Վարդանյանի գլխավորած թիմը նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալակիրներ են դարձել Հայկ Պապիկյանը (70 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (125 կգ), արծաթե մեդալակիր՝ Հարություն Հովհաննիսյան (57 կգ), բրոնզե մեդալակիր՝ Հայկ Աբրահամյան (61 կգ):

Եվրոպայի առաջնության օրերին համացանցում մեծ տարածում գտավ եւ բուռն արձագանքների արժանացավ չեմպիոնի կոչումը նվաճած Հայկ Պապիկյանի մասնակցությամբ 70 կգ քաշայինների պարգեւատրման արարողությունը, որի ընթացքում հայ ըմբիշին պարտված ադրբեջանցի մարզիկը Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացավ պատվո հարթակից:

Եվրոպայի չեմպիոններն ու մեդալակիներն ամփոփել են ԵԱ-ն եւ իրենց մրցելույթները Հռոմի մրցագորգում:

Հայկ Պապիկյան (70 կգ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն)

«Մարտական էի տրամադրված այս մրցաշարին: Շատ լավ աշխատանք էինք կատարել, լավ մարզավիճակում էի, որի արդյունքում էլ չեմպիոն դարձա: Թույլ մրցակից չունեի: Երզափակիչում մրցակիցս ադրբեջանցի էր, որը գորգում հարգալից մոտեցավ ինձ եւ ձեռքով ողջունեց ինձ հաղթանակից հետո: Նա ընդունել էր իր պարտությունը, բայց պարգեւատրման ժամանակ, որոշեց անհարգալի վերաբերմունք ցուցաբերել եւ հեռանալ մեր հիմնը հնչելու ժամանակ: Արդյունքում ինքը պատժվեց իր արարքի համար: Ինձ չշփոթեցրեց նրա քայլը, ես իմ տեղում կանգնած էի եւ իմ արժանի հաղթանակի համար ոսկե մեդալով պարգեւատրվել էի»:

Լյովա Գեւոգյան (125 կգ, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն)

«Անցկացրել եմ 3 գոտեմարտ, կառանձնացնեմ երկրորդ գոտեմարտս թուրք մրցակցի հետ: Հաղթել եմ 5:2 հաշվով: Լավ չէի պատրաստվել այդ գոտեմարտին: Լավ չկարողացա գոտեմարտել: Նորմալ եմ գնահատում արդյունքս: Երկրորդ տարին անընդմեջ կարողացա դառնալ չեմպիոն իմ քաշային կարգում:

Անձնական մարզիչներիս եւ հավաքականի մարզիչների լավ աշխատանքի արդյունքում եմ նվաճել ոսկե մեդալ: Մեր մարզիչները, նաեւ անձնական մարզիչները ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության վրա են աշխատում, այլ նաեւ հոգեբանական մեծ աշխատանք են կատարում: Ցանկացած մրցաշարից առաջ լարվածություն լինում է, բայց մեզանից յուրաքանչյուրը դուրս է գալիս գորգ հաղթելու նպատակով: Հաջորդ քայլս օգոստոսին անցկացվելիք երիտասարդների աշխարհի առաջնությունն է, որտեղ նույնպես հաղթելու նպատակ ունեմ»:

Մուշեղ Մկրտչյան (79 կգ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն)

«Հաջո ստացվեց առաջնությունը: 4 գոտեմարտ անցկացրի: Մրցել եմ ռումինացու, իտալացու եւ ադրբեջանցու հետ, իսկ եզրափակիչում հաղթեցի վրացի ըմբիշին: Ամենատպավորիչ գոտեմարտս ադրբեջանցու հետ կիսաեզրափակիչն էր:  Բարդ ստացվեց: Գորգի վրա կոնֆլիկտ ունեցանք, բայց մարզիչները հարթեցին: Չեմ ցանկանում հայտնել, թե ինչ կոնֆլիկտ էր: Լարված չէի այդ գոտեմարտում»:

Հարություն Հովհաննիսյան (57 կգ, երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն)

«Եզրափակիչը չստացվեց ինձ մոտ, ոտեղ պարտվեցի Իտալիայի ներկայացուցիչին: Մինչ այդ խոշոր հաշիվներով հաղթանակներ տարա, բայց եզրափակիչում վրիպեցի: Մրցաշարից առաջ 4 հավաք էինք անցել եւ լավ պատրաստ էինք: Ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ էի ոսկե մեդալին, բայց եզրափակիչը չստացվեց: Ամեն ինչ կանեմ, որ աշխարհի առաջնությանն արդեն ոսկե մեդալ նվաճեմ»:

Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոններն ու մեդալակիրներն առաջիկայում կպատրաստվեն երիտասարդների աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի 13-18-ը Բուլղարիայում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում