15:03  ,  6 հուլիսի, 2022

Մեդալակիր ըմբիշներն ամփոփել են ԵԱ-ի արդյունքները

Ուրախ եմ, որ մեդալով վերադարձա երիտասարդների Եվրոպայի առաջնությունից, քանի որ նախկինում շատ էի մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, բայց մեդալ նվաճել ինձ չէր հաջողվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոեմական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Աշոտ Խաչատրյանը:

Հունիսի 27-29-ը Իտալիայիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե, 1արծաթե եւ 2 բրոնզե: Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականի Եվրոպայի առաջնության մեդալակիրներն ասուլիսում ամփոփել են իրենց մրցելույթները:

«Շատ եմ մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եւ միշտ պարտվել էի: Այս անգամ իմ առջեւ խնդիր էի դրել, որ ավելի լուրջ տրամադրվեմ  մրցաշարին եւ լավ արդյունք ցույց տամ: Առաջին գոտեմարտը սերբ մրցակցի հետ էի, ում հաղթեցի 9:0 հաշվով: Երկրորդ մրցակիցս իտալացի էր, նրան էլ հաղթեցի 11:0 հաշվով: Երրորդ գոտեմարտում թուրք մրցակցի հետ էի, որը շատ փորձառու էր: Մարզիչների հետ պլանավորել էինք, թե ինչպես պետք է աշխատեմ: Լսելով մարզիչների հրահանգները` հաջող գոտեմարտ անցկացրի եւ առավելության հասա 9:0 հաշվով: Կիսաեզրափակիչում հանդիպեցի Ուկրաինայի ներկայացուցիչին, որը Եվրոպայի, աշխարհի մեդալակիր է: Փորձառու եւ անհարմար ըմբիշ էր, բայց կարողացա հաղթել 4:1 հաշվով: Եզրափակիչը բարդ ստացվեց ինձ համար: Չէի կարողանում գոտեմարտել, ոտքի վնասվածք ունեի: Չկարողացա մարզիչների հրահանգները ճիշտ կատարել, աշխատել այնպես, ինչպես ծրագրել էինք: Պարտվեցի հավասար հաշվով, ուղղակի մրցակիցս առավելություն ուներ վերջին միավորի հաշվին: Հոգեբանորեն եւ ֆիզիկապես լավ տրամադրված էի Եվրոպայի առաջնությանը: Շատ էի ուզում արդյունք անել եւ ուրախ եմ, որ մեդալով վերադարձա»,- ասաց Աշոտ Խաչատրյանը:

Բրոնզե մեդալակիր Վիգեն Նազարյանը նույնպես գոհ է իր արդյունքիս, միայն ափսոսում է ադրբեջանցու հետ գոտեմարտում պարտվելու համար:

«Քառորդ եզրափակիչում շատ բարդ մրցակից ունեի: Կիսաեզրափակիում մրցակիցս ադրբեջանցի էր: Այնպես չէր, որ ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ չէի ադրբեջանցու հետ պայքարին, բայց իմ սխալի պատճառով նրան միավոր տվեցի եւ պարտվեցի: Առաջիկայում երիտասարդների աշխարհի առաջնությունն է: Այնպես կանեմ, որ մեր հավաքականը մեդալների պակաս չունենա»,- նշեց Վիգեն Նազարյանը:

Բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային Ալբերտ Վարդանյանը գտնում է, որ այս առաջնությունում կատարել է իր եւ մարզիչների կողմից դրված խնդիրը:

«Մեկնարկում պարտվեցի, բայց շարունակելու հնարավորություն ունեի: Ամենատպավորիչ գոտեմարտս թուրք մրցակցի հետ էր: Ես իմ առջեւ խնդիր էի դրել թուրքի հետ գոտեմարտում կամ հաղթանակ կամ ոչինչ: Այդպես ստացվեց հաղթանակի հասնել: Ուրախ եմ, որ բրոնզե մեդալակիր դարձա՝ հաղթելով թուրք մրցակցին»,- ամփոփեց Ալբերտ Վարդանյանը:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցեց 10 ըմբիշով: Բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ նաեւ 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը, որը ծնկի վնասվածքի պատճառով չմասնակցեց բրոնզե մեդալի համար գոտեմարտին: Հայաստանի հավաքականի մյուս մասնակիցները մեդալ չնվաճեցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում