14:07  ,  6 հուլիսի, 2022

Ալբերտ Թադեւոսյան․ Շատ երջանիկ եմ, որ մենք հաղթեցինք Մալթայում

Ես շատ երջանիկ եմ, որ մենք հաղթեցինք Մալթայում, եւ ես դարձա այդ հաղթանակի մասնակից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Ալբերտ Թադեւոսյանը:

 Հունիսի 28-ից հուլիսի 2-ը բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը NBA մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ 6 տարվա դադարից կրկին մասնակցեց Եվրոպայի փոքր երկրների առաջնության եւ դարձավ չեմպիոն:

«Մենք մի քանի շաբաթ ունեինք պատրաստվելու համար: Ժամանակը քիչ էր, բայց այդ կարճ ժամանակահատվածում գլխավոր մարզիչի հետ հասցրել էինք ծավալուն աշխատանք անել: Ծանր մարզումներ էինք ունենում եւ ամեն անգամ աճ նկատում մեզ վրա:

2016 թվականին մեր հավաքականն Անդորրայում դարձավ չեմպիոն նույն առաջնությունում, բայց այն անգամ ես բաց էի թողել մրցաշարը վնասվածքի պատճառով: Տխրել էի, որ մասնակից չեմ այդ հաղթանակին: Իսկ այս անգամ արդեն ուղղակի երջանիկ եմ, որ այս հաղթանակի մի մասնիկ եմ եւ մասնակիցը: Ես շատ երջանիկ եմ, որ մենք հաղթեցինք: Ամեն ինչ անցավ հրաշալի: Խաղից խաղ հաղթում էինք ավելի վստահ: Քրիս Ջոնսը շատ հեշտ ընդգրկվեց թիմում եւ շատ ջերմ ընդունվեց թիմի կողմից: Նա ոչ միայն հրաշալի խաղացող է, նաեւ հրաշալի մարդ է:

Թիմը շատ համերաշխ էր: Չունեինք որեւ խնդիր կամ լարվածություն թիմի ներսում: Յուրաքանչյուրը խաղում էր հաղթանակի համար:

Մենք արդեն մեծ մոտիվացիա ունենք մարզվելու, շարունակելու համար: Շատերն արդեն ավելի լուրջ կսկսեն զբաղվել մարզաձեւով: Լավագույն արդյունքի հասնելու համար ունենք լավագույն մասնագետները՝ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ: Շատ հաճելի է նրա եւ իր թիմի հետ աշխատել»,- ասաց Ալբերտ Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում Մալթայի հավաքականին հաղթել էր 84։68 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում