13:47  ,  6 հուլիսի, 2022

Արմեն Բաբալարյանն ամփոփել է ԵԱ-ն․ Արդյունքները գոհացնող են, բայց ոչ լիարժեք

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասուլիսում ամփոփել է հունիսի 27-29-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե:

Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմում ոսկե մեդալակիր է դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալակիր՝ Աշոտ Խաչատրյան (67 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Վիգեն Նազարյան (87 կգ)  եւ Ալբերտ Վարդանյան (130 կգ):

«Արդյունքները գոհացնող են, բայց ոչ լիարժեք: Սուրեն Աղաջանյանը բարձրակարգ գոտեմարտեր անցկացրեց: Աշոտ Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր իր ցանկությամբ, քանի որ ինքը չուզեց չեմպիոն դառնալ, սակայն կարող էր:

60 կգ քաշային կարգում Սուրեն Աղաջանյանը 5 գոտեմարտ անցկացրեց: Հրաշալի գոտեմարտեր արեց, մասնավորապես, վերջին երկուսից եմ տպավորված, որտեղ հաղթեց 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի մրցանակակիր ադրբեջանցի ըմբիշին: Այս ըմբիշը հաղթել էր նույնիսկ մեծահասակների հավաքականի տղաներին: Սուրենը հաղթանակի հասավ 9:0 հաշվով: Եզրափակիչում էլ նույն վստահ հաղթանակով առավելության հասավ վրացի ըմբիշի նկատմամբ: Սուրենի առջեւ ինչ խնդիր դրեցինք, նա փայլուն կատարեց, այդ պատճառով էլ հաղթանակը եղավ փայլուն: Նա ոչ մի քայլ հետ կեցվածքով էր բարձրանում գորգ: Վստահ գնում էր չեմպիոնության:

Նույնը չեմ կարող ասել Աշոտ Խաչատրյանի մասին: Նա երկրորդ տեղը գրավեց իր սխալի պատճառով: Հրաշալի մեկնարկեց առաջնությունը: Մասնավորապես տպավորիչ գոտեմարտ ստացվեց թուրք ըմբիշի հետ, հաղթանակի հասավ բացարձակ առավելությամբ: Եզրափակիչում նա լավ չէր տրամադրվել: Հավասար պայքար էր: Նա պաշտպանությունում սխալ թույլ տվեց, այդ պատճառով էլ մինչեւ գոտեմարտի ավարտը չկարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Քանի որ վերջին միավորը վրացի ըմբիշինն էր, Աշոտ Խաչատրյանը դարձավ փոխչեմպիոն: Աշոտի հաղթելու ցանկությունն այդքան էլ մեծ չէր:

Բրոնզե մեդալներից Վիգեն Նազարյանինն ինձ համար ոսկու արժեք ունի: Նախրոդ տարի երիտասարդական հավաքականում մասնակցել էր Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Արդյունքը վատն է եղել: Մեկ տարվա աշխատանքը գորգի վրա զգացվեց: Ես սպասում էի նրանից ոսկե մեդալ, որովհետեւ կարող էր: Հաղթեց շատ ուժեղ ըմբիշների: Երկրորդ-երրորդ գոտեմարտերը հաղթեց, կիսաեզրափակիչում ադրբեջանցնուն պարտվեց իր մեղքով: Բրոնզե մեդալի համար պայքարում շվեդ ըմբիշը ֆիզիկապես շատ պինդ էր: Վիգենը դարձավ բրոնզ է մեդալակիր իր մեղքով: Վիգենը սկսել է մեծերի նման գոտեմարտել: Այս թիմը մեկ-երկու տարի անց պետք է համալրի ազգային հավաքականը: Նրանք պետք է կարողանան 6 րոպե դիմանալ կոպիտ ըմբշամարտի, եթե ցանկանում են մեծ արդյունքներ ունենալ: Վիգենից արդյունք ես սպասում էի:

Նաեւ մեդալի ակնկալիք ունեի Ալբերտ Վարդանյանից (130կգ): Ալբերտը շատ մեծ ներուժ ունի եւ պատրաստ է սկսել իր պայքարը մեծահասակներում: Նրա բրոնզե մեդալն ինձ գոհացնում է: Ինքը գիտի՝ իրեն ինչ է պետք: 

Մենք բաց թողեցինք եւս մեկ բրոնզե մեդալ, բայց այս անգամ արդեն վնասվածքի պատճառով: 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը հեռանկարային ըմբիշ է, նաեւ ազգային հավաքականի լիիրավ թեկնածու է: Նա ուներ ծնկների խնդիր: Շատ լավ ըմբիշ է: Նա կարող էր բրոնզե մեդալ նվաճել, բայց ծնկի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը: 

Մյուս մասնակիցներից մի մասից գոհ ենք, մի քանիսից ոչ: Մի քանի քաշային կարգերում խնդիրներ ունենք, անգամ չեմ ցանկանում մեկնաբանել նրանց ելույթները: Բայց մենք ունենք հեռանկարային տղաներ, որոնք կարող են մեծ արդյունքների հասնել:

Ես պատասխանատու եմ սերնդափոխության համար: Առաջիկայում ունենք աշխարհի առաջնություն, որը տեղի է ունենալու օգոստոսի 15-22-ը: Դրանից առաջ կանենք երկու հավաք: Պետք է հասկանանք, թե որ քաշային կարգերում ենք ունենալու մասնակիցներ, բոլոր մեդալակիրները կմասնակցեն աշխարհի առաջնությանը»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում