23:38  ,  5 հուլիսի, 2022

Ռեքս Կալամյան․ Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ շարունակել աշխատանքը հավաքականի հետ

Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելուց հետո բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին։

«Շատ ուրախ և գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել և ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն։ Եզրափակիչ հանդիպման և, ընդհանրապես, ամբողջ մրցաշարի ընթացքում թիմը ցույց տվեց դա։ Նրանք խաղացին համառորեն, խաղացին միմյանց համար, և ես իրապես ուրախ եմ նրանց համար:

Եզրափակիչ հանդիպումը բարդ ստացվեց։ Մալթային հաջողվեց խաղի հենց սկզբում բավականին առաջ անցնել, ինչն առաջացրեց դահլիճում ներկա գտնվող մեծաթիվ մալթացի երկրպագուների ցնծությունը։ Չնայած այդ մեծ աջակցությանը, մեր թիմը կարողացավ վերագտնել իր խաղը և ոչ միայն հավասարացնել, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ, ինչն այդքան էլ հեշտ չէր։ Թիմը չհանձնվեց և բնավորություն ցույց տվեց։ Ես շատ հպարտ եմ նրանց խաղով։ Ճիշտ է, խաղի սկզբում արդյունքները գոհացուցիչ չէին, բայց կարևորն այն է, որ խաղն ավարտեցինք հիասքանչ և հասանք մեր նպատակին։

Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ շարունակել աշխատանքն այս թիմի հետ և կնպաստեմ բասկետբոլի զարգացմանը Հայաստանում։ Ես այստեղ եմ և ցանկանում եմ օգնել։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում, բայց շատ ոգևորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով»,- ասել է Ռեքս Կալամյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում Մալթայի հավաքականին հաղթել էր 84։68 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում