19:20  ,  4 հուլիսի, 2022

«Լեռնային Արցախը» կխաղա Պրեմիեր լիգայում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն թույլատրել է «Լեռնային Արցախի» մասնակցությունը Հայաստանի Պրեմիեր լիգային։

ՀՖՖ-ի հաղորդագրությունում նշվում է․

«ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեց «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր լիգայում հանդես գալու համար:

Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի՝ ապրիլի 1-ին կայացած նիստը մերժել էր ակումբին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը:

ՀՖՖ Գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշեցին թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին:

Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Շիրակը» և «Լեռնային Արցախը»:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի վերջին և կանցկացվի 4 խաղաշրջանով: Մրցաշրջանի մեկնարկի ամսաթիվը և խաղացանկը կհաստատվեն ավելի ուշ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում