19:29  ,  2 հուլիսի, 2022

Հենրիխ Մխիթարյան․ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Ինտերի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, 33-ամյա Հենրիխ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակում «Ռոմայից» «Ինտեր» տեղափոխվելուց հետո հույս է հայտնել, որ տիտղոսներ կնվաճի միլանյան թիմի հետ։

«Անհամբեր սպասում եմ նոր թիմում մարզումերի մեկնարկին։ Չգիտեմ՝ ինչու, բայց միշտ լավ եմ խաղացել «Ինտերի» դեմ, 3 գոլ եմ խփել, գոլային փոխանցում եմ կատարել։ Ես սիրում էի խաղալ «Ինտերի» դեմ։ Հիմա շատ ուրախ եմ, որ խաղալում եմ այստեղ։ Մանկուց միշտ երազել եմ խաղալ աշխարհի ուժեղագույն լիգաներում։ Ուրախ եմ, որ արդեն երեք տարի Իտալիայում եմ խաղում, հիմա էլ ներկայացնելու եմ «Ինտերը»։  Իսկապես, շատ հպարտ եմ, քանի որ իմ երկրում շատ երեխաներ կհետեւեն իմ խաղին եւ կձգտեն անել նույնը, ապագայում խաղալ այս լիգայում։ Հույս ունեմ, որ օրինակ կծառայեմ նրանց համար։

Իմ կուռքերից մեկը եղել է Յուրի Ջորկաեֆը, որը համաշխարհային մակարդակի խաղացող էր եւ հանդես է եկել «Ինտերում», գոլեր խփել գրել իր գլուխը այս ակումբի պատմագրքում։ Ես լուսանկարվել եմ նրա հետ, երբ երեխա եմ եղել։ Ես նույնպես ցանկանում եմ թողնել իմ հետքը, տիտղոսներ նվաճել «Ինտերի» հետ։

Կարճատեւ զրույց եմ ունեցել թիմի գլխավոր մարզիչի հետ, հավանում եմ Ինձագիի մոտեցումները։ Այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին հասնել նպատակներին՝ նվաճել Իտալիայի չեմպիոնի գավաթը։ Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկել»,- ասել է Մխիթարյանը միլանյան ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո։

Անցած մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հենրիխ Մխիթարյանը ակումբային կարիերայում հանդես է եկել Երեւանի «Փյունիկում» (2006-2009), ուկրաինական «Մետալուրգ Դոնեցկում» (2009-2010), «Շախտյոր Դոնեցկում» (2010-2013), գերմանական «Բորուսիա Դորտմունդում» (2013-2016), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» (2016-2018) եւ «Արսենալում» (2018-2019)։ «Ռոմայում» խաղում էր 2020-ից՝ 116 խաղում խփելով 29 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում