15:28  ,  2 հուլիսի, 2022

Մոդրիչ․ Իհարկե, Բենզեման արժանի է «Ոսկե գնդակի»

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հույս է հայտնել, որ այս տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին կարժանանա Արքայական թիմի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման։

«Բենզեման մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ ես խաղացել եմ։ Իհարկե, նա արժանի է «Ոսկե գնդակի», քանի որ գերազանց անցկացրեց մրցաշրջանը։ Երբ նրա որակները կասկածի տակ էին դնում, Քարիմը չէր հանձնվում, հավատում էր սեփական ուժերին եւ քննադատությանը պատասխանում էր իր տաղանդով, աշխատանքով եւ պայքարով։ Նա ստիպեց քննադատներին լռել եւ դառնալ իր երկրպագուն։

Մենք առաջին օրվանից լավ հարաբերություններ ունենք։ Փոխադարձ հարգանքը ընկերական հարաբերությունների հիմքն է։ Արդեն 10 տարի մենք կիսում ենք ընդհանուր ճակատագիր նույն ակումբում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է sportske.jutarnji.hr-ն։

Անցած մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում