20:46  ,  30 հունիսի, 2022

Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին երկրորդ անգամ հաղթեց Ֆիրուջային եւ միանձնյա առաջատարն է

Մադրիդում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին սեւ ֆիգուրներով պարտության մատնեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։ Առաջին շրջանում եւս Նեպոմնյաշչին հաղթել էր Ֆիրուջային։

Նեպոմնյաշչին 11 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հաջորդ երեք տեղերում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան եւ չինացի Դին Լիրենը։ 10 տուրից հետո նրանք ունեն 5,5-ական միավոր։

11-րդ տուրում Կարուանան խաղում է Դին Լիրենի հետ, Նակամուրայի մրցակիցը հունգարացի Ռիչարդ Ռապորտն է (4 միավոր)։

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում