11:50  ,  30 հունիսի, 2022

«Տոտենհեմը» համաձայնության է հասել Ռիշարլիսոնի հետ

Լոնդոնի «Տոտենհեմը» համաձայնության է հասել Լիվերպուլի «Էվերտոնի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնի տեղափոխության հարցում, հաղորդում է Sky Sports-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայում չորրորդ տեղը գրաված եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճած «Տոտենհեմն» ավարտել է բանակցությունները 25-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ։

«Էվերտոնը» մտադիր է գործարքն ավարտել հունիսի 30-ին՝ ֆինանսական տարվա վերջին օրը, որպեսզի ապահովի համապատասխանությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական արդար խաղի կանոններին։

«Էվերտոնը» Ռիշարլիսոնի տրանսֆերից ակնկալում է առնվազն 60 միլիոն եվրո։

Անգլիայի անցած առաջնությունում Ռիշարլիսոնը մասնակցել է 30 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Էվերտոնի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում