Մեծ կապ եմ զգում Հայաստանի հետ, ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Հայաստանի հավաքականը շատ աշխատասեր բասկետբոլիստներով է համալրված, ինչն ամենակարեւորն է ինձ համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, NBA մարզիչ Ռեքս Կալամյանը:
Հունիսի 23-26-ը Երեւանում անցկացված SADA Cup բասկետբոլի միջազգային մրցաշարում Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 6 տարվա դադարից հետո երեք խաղ անցկացրեց, որից երկուսում հաղթեց, մեկում՝ պարտվեց: Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը: Հաղթող դարձավ Իրանի հավաքականը:
Հայաստանի հավաքականը հունիսի 27-ին կմեկնի Մալթա, որտեղ հունիսի 28-ից հուլիսի 3-ը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
Պարոն Կալամյան, Ձեր գլխավորած թիմը երկու հաղթանակից հետո պարտվեց Սիրիայի հավաքականին: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի ելույթները SADA Cup-ում:
Սիրիայի հետ խաղում վերջին մի քանի րոպեները մեզ համար բարդ ստացվեցին: Մի քանի հնարավորություն բաց թողեցինք, նաեւ չիրացրինք վերջին պահերի տուգանայինները: Տղաներն իսկապես լավ խաղ ցույց տվեցին: Մենք շատ բարդ աշխատանք էինք կատարել այս մրցաշարից առաջ:
Շատ ուրախ եմ, որ Մալթա մեկնելուց առաջ այս մրցաշարն ունեցանք: Հավաքականը պատրաստվում է Մալթայում անցկացվելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնության, եւ այս մրցաշարը մեզ համար իսկապես մեծ փորձություն էր: Ես գոհ եմ հավաքականի խաղերից:
Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ ստանալիս ո՞րն է եղել առաջին միտքը: Ինչպե՞ս արձագանքեցիք:
Մենք այդ մասին խոսում էին շուրջ 5 տարի: Ես տարիներ առաջ եմ ստացել առաջարկը, բայց ժամանակիս սղության պատճառով երկարատեւ գործուղում չէի կարողանում ձեւակերպել: Իմ աշխատանքը NBA-ում ինձ թույլ չէր տալիս լիարժեք տրվել Հայաստանի հավաքականը գլխավորելու պատասախանատու աշխատանքին: Վերջապես հնարավորություն ունեցա երկար ընդմիջում վերցնել NBA-ում եւ գալ Հայաստան, ստանձնել հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը:
NBA-ից հայկական բասկետբոլ. NBA-ում ձեռք բերած փորձը Հայաստանի հավաքականում կիրառելիս խնդիրներ չե՞ք ունենում:
Շատ տարբեր է: Իրականում շատ բարդ է լինել NBA-ի խաղացող: Դա շատ բարդ ու երկար ճանապարհ է՝ NBA-ում խաղացող բասկետբոլիստների մակարդակին հասնելու համար: Հայաստանի հավաքականը շատ լավ բասկետբոլիստներ ունի, բայց որպեսզի նրանք հասնեն NBA խաղացողի մակարդակին, շատ բարդ ճանապարհ պետք է անցնեն: Նախ ֆիզիկական տվյալները՝ NBA բասկետբոլիստները չափերով են մեծ, ուժով, արագությամբ են տարբերվում: Հայ բասկետբոլիստները երկար ճանապարհ պետք է անցնեն, որ հասնեն այդ աստիճանին:
Ի՞նչ տպավորություն ունեք ազգային հավաքականից: Ինչպիսի՞ «կորիզ» ունենք:
Ինձ համար նախապայման է՝ հաղթել բոլոր խաղերում, ում հետ, որ կմրցենք եւ ինչ մրցաշար դա կլինի: Այս ամենին զուգահեռ, պետք է նաեւ իրատես լինենք: Այս մրցաշարում յուրաքանչյուր խաղում բարելավեցինք մեր խաղաոճը, տեխնիկան, մարզավիճակը: Այսքանով արդեն շատ գոհ եմ:
Ազգային հավաքականին շուտով կմիանա Ֆրանսիայի չեմպիոն «ԱՍՎԵԼ Լիոնի» խաղացող Քրիս Ջոնսը Ֆրանսիայից: Ի՞նչ կասեք նրա մասին:
Քրիսը շատ լավ բասկետբոլիստ է, շատ արագ, բարձր հմտություններով խաղացող է: Հրաշալի նետումներ է անում զամբյուղ: Նա լիարժեք կլրացնի մեր թիմը: Ուրախ եմ, որ եւս մեկ ուժեղ խաղացողով կհամալրվի թիմը:
Ի՞նչ սպասելիքներ կան փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից:
Փորձելու ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Գնում ենք հաղթելու: Ես ունեմ թիմ, որը շատ լավ զգում է խաղը, արդեն ունի լավ խաղային փորձ: Ունենք շատ աշխատասեր թիմ, ինչն ամենակարեւորն է ինձ համար:
Արդեն տեւական ժամանակ Հայաստանում եք: Ինչպե՞ս եք զգում Ձեզ հայրենիքում:
Սա իմ առաջին այցը չէ: Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Նախորդ այցս եղել է 20 տարի առաջ: Ինձ շատ է դուր գալիս հայկական մշակույթը, մարդիկ: Իմ տատիկն է եղել այստեղից, եւ ես մեծ կապ եմ զգում Հայաստանի հետ: Ինձ այստեղ ամեն ինչն է գերում՝ մարդկանց էներգետիկան, վերաբերմունքը, եղանակը: Ինձ շատ է դուր գալիս հայկական քյաբաբը: Ես այն համտեսում եմ գրեթե ամեն օր, երբ ազատ ժամանակ եմ ունենում երեւանյան իմ սիրելի ռեստորանում:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում