Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի առիթով Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցավ լեգենդների հրաժեշտի հանդիպումը Հայաստանի - Վրաստաի հավաքականների մասնակցությամբ (տեսանյութ)։ 4։1 հաշվով առավելության հասան հայ ֆուտբոլիստները։
Հանդիպման 6-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հեռվից հարվածեց Նուկրի Ռեւիշվիլիի պաշտպանած դարպասին, բայց գոլ չգրանցվեց:
Հանդիպման 15-րդ րոպեին Հայաստանի թիմի դարպասի մոտ իսկական գոլային պահ ստեղծվեց: Մրցավարարը նշանակեց տուգանային, որն իրացրեց 11 համարով հանդես եկած Գեորգի Դեմետրաձեն: Գնդակը շեղ գնաց եւ գոլ չգրանցվեց:
20-րդ րոպեին Հայաստանի դարպասապահը կոպիտ խախտում արեց՝ կանխելով մրցակցի գրոհը, որի համար դեղին քարտ ստացավ: Մրցավարը եւս մեկ տուգանային նշանակեց: Այս դեպքում էլ վրացիները չկարողացան Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը գրավել:
Հայաստանի եւ Վրաստանի լեգենդների հավաքականները գնացին ընդմիջման 0:0 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց 30-րդ րոպեին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում 33-րդ րոպեին Հայաստանի հավաքականից խաղի հաշիվը բացեց Արթուր Սարկիսովը: 36-րդ րոպեին Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո Վրաստանի դարպասապահի դեմ միայնակ դուրս եկած Յուրա Մավսիսյանը խփեց Հայաստանի երկրորդ գոլը:
43-րդ րոպեին Մարկոս Պիզելի խփեց Հայաստանի երրորդ գոլը: Յուրա Մովսիսյանը, կրկին միայնակ դուրս գալով Նուկրի Ռեւիշվիլիի դեմ, շրջանցեց դարպասապահին, ապա նկատելով Մարկոս Պիզելիին, գոլային փոխանցում արեց թիմակցին, որն էլ գրավեց Վրաստանի դարպասը: Մարկոս Պիզելին որպես շնորհակալություն ծնկի իջավ, Յուրա Մովսիսյանին խնդրեց ոտքը դնել ծնկին ու համբուրեց Մովսիսյանի խաղակոշիկը:
52-րդ րոպեին Մարկոս Պիզելիի խախտման պատճառով մրցավարը տուգանային նշանակեց: Ալեքսանդր Իաշվիլին կրճատեց հաշվի տարբերությունը։
59-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի գեղեցիկ փոխանցումից հետո Հայաստանի 4-րդ գոլը խփեց Էդգար Մանուչարյանը:
Խաղի հիմնական ժամանակին մրցավարն ավելացրեց 3 րոպե, բայց հաշիվը չփոխվեց:
Հայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց 4:1 հաշվով:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում