22:49  ,  14 հունիսի, 2022

Խոակին Կապառոս․ Հայաստանի հավաքականի համար խաղն ավարտվեց 43-րդ րոպեին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Շոտլանդիայից կրած 1:4 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի չորրորդ տուրի տնային խաղում։

«Հայաստանի հավաքականի համար խաղն ավարտվեց 43-րդ րոպեին՝ Արման Հովհաննիսյանի կարմիր քարտից հետո: Մինչ այդ մենք հավասարը հավասարի խաղացինք անչափ ուժեղ հավաքականի հետ:

Երկու կարմիր քարտերից Կամո Հովհաննիսյանինն այլ դրվագ էր, ավելի շատ խաղային էր: Արման Հովհաննիսյանի կարմիր քարտը պետք է վերլուծել, իրավիճակը քննարկել ֆուտբոլիստի հետ: Շատ ցավալի է, որ այսպես ստացվեց: Կարծում եմ՝ թիմը մինչեւ Արման Հովհաննիսյանի կարմիր քարտը շատ լավ էր խաղում: Կարողացանք հանկարծակիի բերել մրցակցին 4 պաշտպանով, գոլային պահեր ստեղծեցինք, բայց այս խաղն ավարտվեց 43-րդ րոպեին:

Սառանասիրտ է պետք վերլուծել այս ամենը: Պետք չէ շատ ճնշում գործադրել այդ տղայի վրա: Նա շատ սիրված է թիմում: 

Էդուարդ Սպերցյանը դժգոհեց փոխարինվելու իմ որոշումից: Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, եւ այդ դրվագը ես նրա հետ հանդերձարանում կքննարկեմ: Նա մեծ ցանկություն ուներ շարունակել, բայց մենք չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ արդեն դեղին քարտ ուներ: Ինչ խոսք, պետք է ավելի շատ կարողանաս վերահսկել ինքդ քեզ, բայց խաղադաշտում երբեմն դժվար է լինում սառնասիրտ լինել:

Առաջին 43 րոպեներն ինձ անչափ շատ դուր եկան: Մենք մի քանի գոլային պահ ստեղծեցինք անչափ ուժեղ մրցակցի հետ: Կարծում եմ՝ ինձ հետ շատերը կհամաձայնեն: Բաց խաղ էր փոխադարձ գրոհներով եւ շանսերով: Վերջացավ այնպես, ինչպես վերջացավ:

Շոտլանդիան մի հավաքական է, որը շատ մոտ էր աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուն: Մենք այս թիմի դեմ հավասարը հավասարի ենք պայքարում: Երբ նման մրցակցի դեմ 10 ֆուտբոլիստով ես խաղում, պարզ է որ բարդ է լինելու:

Պետք է խոսել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի հետ, վերլուծել եւ հասկացնել, որ անթույլատրելի է նման իրավիճակում այդպիսի պահվածքը»,- ասաց Խոակին Կապառոսը:

Թիմերի առաջին հանդիպումը Գլազգոյում ավարտվել էր 2։0 հաշվով շոտլանդացիների օգտին։

Շոտլանդիան 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի խմբի առաջատար Ուկրաինան, որը 2 խաղ է անցկացրել։ Հայաստանի հավաքականը 4 խաղում վաստակել է 3 միավոր եւ երրորդն է։ Իռլանդիան 3 խաղից հետո 3 միավորով վերջինն է։

Հաջորդ հանդիպումն Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 24-ին՝ ընդունելով ուկրաինացիներին, որոնց առաջին խաղում պարտվել է 0։3 հաշվով։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում