18:10  ,  14 հունիսի, 2022

Շոտլանդացի ֆանատները Երեւանում․ Շատ սիրեցինք Հայաստանը (ֆոտո, վիդեո)

Շոտլանդիայի հավաքականի երկրպագուները պատրաստ են Հայաստան - Շոտլանդիա հանդիպմանը: Երեւանի տարբեր հատվածներում,  փողոցներում, սրճարաններում կարելի է հանդիպել մեծ թվով շոտլանդացիների, որոնք ժամանել են Հայաստան՝ իրենց հավաքականին երկրպագելու համար:

Հունիսի 14-ին Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Շոտլանդիայի հավաքականին:

Շոտլանդացի երկրպագուները Երեւանում շրջում են  ազգային հավաքականի մարզաշապիկով համադրված իրենց ազգային հագուստով, որոնք երեւանցիների կողմից մեծ ուշադրության են արժանացել: Քաղաքացիներից շատերը մոտենում են շոտլանդացիներին եւ լուսանկարվում նրանց հետ:

Շոտլանդացի երկրպագուները բարձր տրամադրությամբ են սպասում Հայաստան - Շոտլանդիա դիմակայությանը, երգում ազգային երգեր, վայելում հայկական համեղ ուտեստներ, հայկական գարեջուր:

Երկրպագուներից մեկը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ, որ այսօրվա խաղում կանխատեսում է Շոտլանդիայի հավաքականի պարտություն:

«Կարծում եմ, այսօր Հայաստանը կհաղթի 3:0 հաշվով: Վերջին խաղերում մեր ազգային հավաքականն այդքան էլ լավ հանդես չի գալիս: Ակնկալում ենք դիտարժան խաղ եւ անհամբեր սպասում մեկնարկին: Շատ ենք հավանում Հայաստանը: Հայերը շատ բարեհամբույր են, ժպտադեմ: Երեք օրով ենք ժամանել այստեղ, որպեսզի այս կարեւոր խաղում մեր ազգային հավաքականի կողքին լինենք: Հայաստանի հավաքականը ուժեղ թիմ է, կարծում եմ, այսօր հետաքրքիր դիմակայություն կլինի, բայց իմ կանխատեսումը 3:0 հաշիվն է՝ Հայաստանի հաղթանակով»,- ասաց շոտլանդացի երկրպագուներից մեկը:

Մեկ այլ երկրպագու NEWS.am Sport-ի թղթակցին նվիրեց շոտլանդական նախշերով շարֆ եւ նշեց, որ անկախ խաղի հաշվից շատ է սիրել Երեւանն ու հայերին:

«Սպասում եմ հաճելի ժամանակ: Մեր հավաքականի յուրաքանչյուր խաղ իսկական տոն է բոլորիս համար: Այսօր դուք կտեսնեք, թե ինչպես ենք մենք երկրպագում մեր հավաքականին: Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ սիրեցի ձեր երկիրը, հայերին: Շատ կուզեմ, որ մեր հավաքականը հաղթի, բայց նաեւ չեմ ուզի, որ դուք պարտվեք: Հայերը լավն են»,- նշեց երկրպագուն:

Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում