12:16  ,  7 հունիսի, 2022

Վարազդատ Լալայան. Ես, Գոռը եւ Սիմոնն ուզում ենք ապացուցել, որ կարող ենք հաղթել Տալախաձեին

Ես միշտ հավատացել եմ, որ Տալախաձեն անպարտելի չէ: Մենք երեքով ցանկանում ենք ապացուցել, որ կարող ենք հաղթել Լաշա Տալախաձեին: Պատճառ չեմ փնտրի, թե ինչու 252 կգ-ի վերջին երկու մոտեցումը ձախողեցի: Պարզապես իմ օրը չէր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը:

Նախորդ գիշեր Վարազդատ Լալայանը թիմակիցների հետ Ալբանիայից վերադարձավ հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Եվրոպայի փոխչեմպիոնին եւ մյուս մեդալակիրներին:

«Նորմալ հանդես եկանք: Ամեն ինչ լավ էր, բայց չստացվեց այնպես, ինչպես ծրագրել էինք: Չստացվեց անել այն, ինչ ուզում էինք անել: Ամեն դեպքում լավ հանդես եկանք: Հրում վարժության երկրորդ եւ երրորդ մոտեցումը 252 կգ չստացվեց: Մարզումների ժամանակ բարձրացրել էի այդ քաշը եւ պատրաստ էի 252 կգ հրել։ Իմ օրը չէր, բայց կլինի, վստահ եմ: Աշխարհի առաջնությանն ավելի բարձր կիլոգրամներ կբարձրացնենք, կփորձենք ավելի լուրջ մրցակցել Լաշա Տալախաձեի հետ, որպեսզի նրան այլեւս հնարավորություն չտանք: Ինչ-որ մեկը պիտի վերջապես մոտենա նրա բարձրացրած կիլոգրամներին: Թող այդ մեկը լինեմ ես (ծիծաղում է): Այս հաջողությունն իմ հարազատներինն է։

Մեզ միացել է արդեն Սիմոն Մարտիրոսյանը եւ սպասվում է ավելի հետաքրքիր պայքար մեր քաշում: Մրցակցություն չկա մեր միջեւ: Ընկերական միջավայր է տիրում մարզումների ընթացքում: Մրցակցություն չի լինի նաեւ մրցաշարերի ժամանակ: Ով արժանի է՝ նա կգնա մրցման, մեդալ կնվաճի. այս հարցում մենք որեւէ խնդիր չունենք թիմում: Ամեն ինչ շատ հարթ է ընթանում: Մենք երեքով ցանկանում ենք ապացուցել, որ կարող ենք հաղթել Լաշա Տալախաձեին»,- ասաց Վարազդատ Լալայանը:

+109 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 451 կգ (210+236) արդյունքով  հռչակվեց փոխչեմպիոն՝ 11 կգ-ով հետ մնալով 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Լաշա Տալախաձեից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում