22:06  ,  4 հունիսի, 2022

Վարազդատ Հարոյան․ Այս հաղթանակը շատ կարեւոր էր

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը Իռլանդիայի հավաքականի նկատմամբ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի  մեկնարկային խաղում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Առաջին խաղակեսում գնդակն իռլանդացիների մոտ էր, առավելություն ունեին, բայց մեկ-երկու դրվագում էին գոլին մոտ: Իմ կարծիքով՝ լավ հանդիպում անցրացրինք: Նորվեգիայի խաղից հետո այս հաղթանակը շատ կարեւոր էր մեր հավաքականի, մեր երկրպագուների եւ մեր ազգի համար: Կարծում եմ՝ մի քիչ կմոռանանք այդ 9:0-ն:

Երեք կենտրոնական պաշտպանով էինք խաղում: Դժվարություն չառաջացրեց, հետագայում էլ չի առաջացնի, որովհետեւ բոլորս էլ ճանաչում ենք իրար, բազմաթիվ խաղեր ենք անցկացրել միասին: Թե երեք կենտրոնական պաշտպան, թե՝ երկու, մեզ համար նույն է: Իմ կարծիքով՝ այս խաղին ավելի ճիշտ էր երեքով խաղալը եւ այն արդարացրեց իրեն: Արման Հովհաննիսյանի վնասվածքը լուրջ չէ:

Հունիսի 8-ին ավելի դժվար հանդիպում է մեզ սպասվում Շոտլանդիայի հետ: Իմ կարծիքով՝ Շոտլանդիան ավելի լավ թիմ է, բացի այդ դուրսն ենք խաղալու: Կփորձենք մաքսիմալ լավ պատրաստվել, որպեսզի Շոտլանդիայի հետ խաղին 100 տոկոսով պատրաստ լինենք»,- ասաց Վարազդատ Հարոյանը:

B լիգայի առաջին խմբում ընդգրկված են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել Ազգերի լիգայում։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդացիներին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում