19:51  ,  4 հունիսի, 2022

Խոակին Կապառոս․ Թիմն անչափ մոտիվացված եւ տրամադրված էր խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Ազգերի Լիգայի B լիգայի առաջին խմբի առաջին տուրում Իռլանդիայի հավաքականի նկատմամբ տարած 1։0 հաղթանակը:

«Մենք այն թիմն ենք, որ 100 տոկոսով նվիրվում ենք խաղին: Շատ լավ թիմային աշխատանքի շնորհիվ հաղթեցինք Իռլանդիային: Թիմն անչափ մոտիվացված եւ տրամադրված էր այս խաղին: Վերջին պարտությունից հետո թիմը մեծ ցավր էր զգում: Այսօր կարելի է ասել շատ հեշտ էր այս թիմին մոտիվացնել:

Այս խաղում չեմ առանձնացնի որեւէ մեկին, կնշեմ ամբողջ թիմին եւ պահեստայիններում նստած մեր ֆուտբոլիստներին: Այս խաղում նրանք բոլորով հաղթեցին:

Խաղը տեւում է 90 րոպե: Բնականաբար առաջին խաղակեսում թարմ էին երկու թիմերն էլ: Նրանք վերահսկում էին գնդակը, սակայն գրեթե ոչ մի գոլային պահ չստեղծեցին մեր դարպասի մոտ, բացառությամբ մեկի: Երկրորդ խաղակեսում որոշ փոփոխություններ կատարեցինք եւ սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը, նաեւ մրցակիցների խաղը մեզ թույլ տվեց ճիշտ տակտիկայով գրավել Իռլանդիայի դարպասը: Կարելի է ավելի մեծարել մեր թիմին այս հաղթանակի համար, երբ այն ձեռք է բերվում այսպիսի պայքարում: Իռլանդիայի հավաքականը շատ լավ թիմ է:

5 պաշտպանով խաղաոճն ընտրել էինք Իռլանդիայի հավաքականին ուսումնասիրելով, քանի որ նրանք ուղղահայց ֆուտբոլ են խաղում: Բարձր մակարդակով ֆուտբոլն անկանխատեսելի է, չես կարող ծրագրել ինչպես խաղալ կամ գոլազուրկ պահել առաջին խաղակեսը: Ֆուտբոլում կարեւորն արդյունքն է եւ որեւէ այլ բանի մասին պետք չէ վիճել:

Ցանկացած խաղ ծառայում է նրան, որ թիմն աճի եւ առաջընթաց ունենա: Սակայն, ես երեկ նշեցի, որ 10 օրվա ընթացքում 4 հանդիպումն ուղղակի բարբարոսություն է եւ մեզ անհրաժեշտ է արագ վերականգնվել խաղերից առաջ:

Բոլոր մեզ հասանելի միջոցները գործածելու ենք ֆուտբոլիստներին վերականգնելու համար, լինելու է նաեւ ռոտացիա, քանի որ այլ տարբերակ չունենք»,- ասաց Խոակին Կապառոսը:

B լիգայի առաջին խմբում ընդգրկված են նաեւ Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել Ազգերի լիգայում։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կհյուրընկալվի շոտլանդացիներին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ էմմա Ասատրյանի

Ազգերի լիգա. B լիգա, առաջին խումբ, առաջին տուր

Հայաստան - Իռլանդիա՝ 1։0 

Էդուարդ Սպերցյան, 75

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան (ավագ), Հրայր Մկոյան, Արման Հովհաննիսյան (Ստյոպա Մկրտչյան, 60), Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Արտակ Դաշյան, 89), Վահան Բիչախչյան (Սարգիս Ադամյան, 56)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս