09:04  ,  4 հունիսի, 2022

ԵԱ․ Մրցահարթակ դուրս կգան Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 6-րդ մրցումային օրը Հայաստանը կունենա 3 մասնակից: Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը(109 կգ) եւ 6 տարվա դադարից հետո մրցահարթակ վերադարձած, երկու երեխաների մայր, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Սամվել Գասպարյանը 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով:

2019 թվականին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում երկամարտի 390 կգ արդյունքով 5-րդն էր: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնության հրում վարժության ընթացքում ստացած վնասվածքը Սամվել Գասպարյանին խանգարեց պայքար մղել չեմպիոնության համար: Պոկում վարժությունում նա 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը և, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Գասպարյանը հռչակվեց չեմպիոն։ 109 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքեց 390 կգ։

Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 390 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (176+214):

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշայինների պայքարն անհաջող ստացվեց Սամվել Գասպարյանի համար, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը զրո ստացավ հրում վարժությունում:

2022 թվականի Հայաստանի առաջնությունում Սամվել Գասպարյանը մասնակցեց 109 կգ քաշային կարգում եւ երկամարտի 361 կգ արդյունքով (165+196) նվաճեց չեմպիոնի կոչումը:

2022 թվականի Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանն 102 կգ քաշային կարգի ֆավորիտն է: Գյումրեցի ծանրորդը հայտավորվել է երկամարտի ամենաբարձր՝ 400 կգ նախնական պատվերով:

102 կգ քաշային կարգի А խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Երեկոյան մրցահերթում 109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը, որը փոխել է քաշային կարգը:

Արսեն Մարտիրոսյանը Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների արծաթե մեդալակիր է, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն էր:

Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշայինների պայքարում Մարտիրոսյանը, 10 կգ-ով զիջելով Սամվել Գասպարյանին, նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում գրանցեց 380 կգ արդյունք (171+209): Հրում վարժությունում 209 կգ-ով նվաճեց նաեւ փոքր բրոնզե մեդալ:

2021 թվականի հոկտեմբերին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացված  ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Արսեն Մարտիրոսյանը 109 կգ քաշայինների պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը: Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում գրանցեց 383 կգ (176+207)՝ նվաճելով Մ23 Եվրոպայի առաջնության բոլոր երեք ոսկե մեդալները:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունն անհաջող ստացվեց Արսեն Մարտիրոսյանի համար, որտեղ Եվրոպայի փոխչմեպիոնը զրո ստացավ հրում վարժությունում:

Արսեն Մարտիրոսյանը Սիմոն Մարտիրոսյանի եղբայրն է:

Մարտիրոսյանի նախնական հայտը երկամարտում 390 կգ է:

109 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

6-րդ մրցումային օրը Հայաստանի երրորդ մասնակիցն անվանի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն է:

2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը 6 տարվա դադարից հետո վերադառնում է մրցահարթակ: Դոպինգ սկանդալից հետո Խուրշուդյանը չէր մասնակցում մրցաշարերի: Այդ ընթացքում ծանրորդուհին երկու երեխա ունեցավ, իսկ 2022 թվականի Հայաստանի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելով հայտարարեց իր վերադարձի մասին: Հռիփսիմե Խուրշուդյանը հանդես է գալիս 87 կգ քաշային կարգում:

Նախնական հայտը երկամարտում 230 կգ է: 87 կգ քաշայինների А խմբի պայքարը կմեկնարկի 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում