19:03  ,  3 հունիսի, 2022

Վարազդատ Հարոյան․ 100 տոկոսով մոտիվացված ենք եւ լիարժեք պատրաստ վաղվա հանդիպմանը

100 տոկոսով մոտիվացված ենք եւ լիարժեք պատրաստ ենք վաղվա հանդիպմանը: Վնասվածքներ չունենք եւ փորձելու ենք լավագույն խաղը ցուցադրել:

Այս մասին նախախաղային ասուլիսում նշեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։

«Մեր ֆուտբոլիստները բոլոր խաղերում են մոտիվացված: Բոլորս էլ հիշում ենք 2011 թվականի խաղերը Իռլանդիայի հետ: Դրանից հետո շատ լավ խաղեր ենք ունեցել:

Իսպանական ակումբում իրականացավ իմ ֆուտբոլային երազանքը թոփ լիգայում խաղալու մասին: Իսպանական ֆուտբոլն ինձ օգնեց ֆիզիկապես ուժեղանալ, ավելի ուրիշ ձեւ սկսեցի հասկանալ ֆուտբոլը: Շատ լավ ժողովուրդ են իսպանացիները, հատկապես ձեռքս կոտրելուց հետո նրանց ավելի շատ սիրեցի: Այս մի մրցաշրջանը, երբ ես խաղացի իսպանական ֆուտբոլում մեկ քայլ առաջ էր իմ ֆուտբոլային կարիերայում. Տեխնիկապես եւ տակտիկապես ավելի գրագետ ֆուտբոլ եմ խաղում։

Շնորհակալ եմ բժշկին, ով իմ ձեռքը վիրահատել է։  Պատրաստ եմ վաղվա խաղին, բայց 100 տոկոսով չէ: Իմ ազգի, իմ թիմի համար միշտ պատրաստ եմ ֆուտբոլ խաղալ: Հավաքականում խաղալն այլ է հայ ֆուտբոլիստի համար: Երկու ամիս ֆուտբոլ չեմ խաղացել, բայց պատրաստ եմ:

B խմբում հայտնվելով մի աստիճան բարձրացանք: Հիմա ավելի դժվար է լինելու: Հեշտք խաղ չկա, բարդ է լինելու: Կարող եմ ասել, որ մենք ամեն խաղին տրվելու ենք 100 տոկոսով: Այստեղ խոսվեց Նորվեգիայի խաղի մասին: Մենք ամեն խաղին պատրաստվում ենք 100 տոկոսով, տրվում եւ մոտիվացվում ենք 100 տոկոսով: Նույնը վաղվա խաղին ենք տրամադրված»,- ասաց Վարազդատ Հարոյանը:

Հայաստան - Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17։00-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում