14:33  ,  2 հունիսի, 2022

Կարեն Աղամալյանն ու Հայաստանի մեդալակիրներն ամփոփել են ԵԱ-ն

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Եվրոպայի փոխչեմպիոններ Ռաֆայել Հովհաննիսյանը, Արթուր Բազեյանը եւ բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանն ասուլիսում ամփոփել են Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունը:

Կարեն Աղամալյան (գլխավոր մարզիչ)

«Մենք սպասում էինք ավելի շատ մեդալ: Երբեք չեմ ասել՝ այս կամ այն մրցավարն է մեղավոր մեր պարտությունների համար, բայց հիմա հստակ կարող եմ ասել, որ եղել են որոշ անհասկանալի որոշումներ մրցավարների կողմից:

Այս պահին մեր թիմը մրցունակ է ամբողջ Եվրոպայում: Անկեղծ կլինեմ՝ այսպիսի բան երբեք չի եղել: 4 մեդալ Եվրոպայի առաջնությունից երբեք չենք ունեցել, բայց իմ հաշվարկով պետք է ունենայինք 6-ը, որից երկուսը ոսկե»:

Արթուր Բազեյան (Եվրոպայի փոխչեմպիոն)

«Մեզ համար մեծ պատիվ էր Հայաստանում մասնակցել Եվրոպայի առաջնությունը, ներկայացնել մեր երկիրը: Ամեն ինչ արված էր, որ մենք լավ հանդես գանք: Մեծ տպավորություններ ունենք, հատկապես մեր հայրենակիցների աջակցությունը, որը շատ կարեւոր էր: Մեզ ավելի մեծ ուժ էր տալիս տրիբունաների աջակցությունը:

Այս առաջնությունում ինձ համար կառանձնացնեմ թուրք մրցակցի հետ մենամարտս: Այս մենամարտին շատ լավ էի տրամադրված: Պատասխանատվությունը մեծ էր, որ իմ հայրենիքում պետք է թուրքին հաղթեմ: Վստահ մտա ռինգ եւ հաղթեցի: Զգում էի մեծ աջակցություն: Ամեն հարվածից հետո պատկերացնում էի, որ ամեն մի հայ հարվածում է նրան»:

Ռաֆայել Հովհաննիսյան (Եվրոպայի փոխչեմպիոն)

«Հիմա եմ հասկանում, թե ինչ բարդ ու մեծ աշխատանք ենք կատարել: Ուրախ եմ իմ այս նվաճման համար, քանի որ երկար ժամանակ ինձ չեր հաջողվում մրցաշարերի ընթացքում դուրս գալ կիսաեզրափակիչ: Չեմ սահմանափակվելու արծաթե մեդալով: Նպատակս է հասնել ամենաբարձր նվաճումներին»:

Նարեկ Մանասյան (Եվրոպայի բրոնզե մեդալակիր)

«Ունեցել եմ ծանր մենամարտեր: Կիսաեզրափակիչին չեմ ցանկանում անդրադառնալ: Եղան անարդարություններ, բայց չեմ կենտրոնանում դրա վրա: Պետք է փորձեմ անել ավելին, գնալ ոսկե մեդալների հետեւից:

Շնորահակալ եմ մեր ազգին այսպիսի ջերմ ընդունելության, մեզ այսպես աջակցելու եւ մեր կողքին լինելու համար, շնորհակալ եմ լրագրողներին իրենց նվիրված աշխատանքի համար, նաեւ շնորհակալ եմ մեր բժիշկներին, որոնք միշտ մնում են ստվերում: Իրենց ներդրումը մեծ է մեր հաջողություններում»:

13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե: Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչավեց Հովհաննես Բաչկովը, փոխչեմպիոններ դարձան Արթուր Բազեյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ առաջին մեծ նվաճումն են գրանցում մեծահասակներում: Բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը:

Հայաստանը 5-րդ տեղը զբաղեցրեց մեդալային պայքարում: Առաջին տեղում Վրաստանն է: Լավագույն հնգյակում են նաեւ Սերբիան, Իսպանիան եւ Անգլիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում