13:37  ,  2 հունիսի, 2022

ՀԲՖ նախագահ․ Արդյունքը ԵԱ-ում չի գոհացնում, քանի որ ավելի շատ ոսկե մեդալներ պետք է ունենայինք

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ասուլիսում ամփոփել է Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունը:

«Մինչ Եվրոպայի առաջնությունը ես ասել էի, որ ոչ մի քաշային կարգում մեր մասնակիցների համար վատ չենք զգալու: Այդպես էլ եղավ, մենք ոչ մի քաշային կարգում մեզ վատ չզգացինք: Շնորհակալ եմ մեր թիմին այս արդյունքների, այպիսի պայքարի համար: Որ մենամարտերում էլ պարտվել ենք, շատ մոտ ենք եղել հաղթանակին: Արդյունքը մեզ չի գոհացնում, քանի որ ավելի շատ ոսկե մեդալներ պետք է ունենայինք: Հուսամ՝ մեր սխալները, մրցավարների կողմից թույլ տված սխալները կշտկենք:

Մեր սխալը տղաներից մի քանիսի փորձի պակասն էր, բայց հասկանալի է, որ չէինք կարող կարճ ժամանակում այդ խնդիրը լուծել: Մյուս սխալը մրցավարների անարդարություններն էր: Ինձ համար առանձնացրել եմ մեր մենամարտերից 7-ը, որոնց դեպքում սխալ մրցավարության արդյունքում պարտությունը մեզ են տվել: Սա միայն իմ կարծիքը չէ, նաեւ մասնագետներինն է: Այդ ընթացքում որոշ անհասկանալի բաներ են տեղի ունեցել, որոնց մասին չեմ ցանկանում մանրամասնել: Այս հարցերը մենք կբարձրաձայնենք եւ կփորձենք լուծում տալ:

Մրցավարական անարդարությունների հարցը խիստ եմ բարձրաձայնել: Պետք է վերանայվի մրցավարների հարցը: Ամենաքիչը 22 մենամարտի ելք անհասկանալի որոշում է կայացվել:

Դավիթ Չալոյանի մենամարտի մասով՝ ուրախ եմ, որ կանգնեցվեց այդ մենամարտը: Հետագայում ես մի քանի անգամ նայեցի տեսագրությունը, Դավիթ Չալոյանը մենամարտի առաջին րոպեում երեք հուժկու հարված է ստանում: Կարծում եմ՝ ճիշտ էր, որ մրցավարը կանգնեցրեց, որովհետեւ չգիտեինք՝ ինչ ավարտ կունենար:

Դավիթին խանգարեց չափից շատ վստահությունը: Պետք է հասկանանք՝ ինչու է մեր ուժեղագույն բռնցքամարտիկը երեք հարված բաց թողնում: Անհասկանալի է: Չպետք է լիներ տրիբունաների նման արձագանքը, բայց պետք է հասկանանք, որ բոլորս էլ շատ հուզված էինք, լարված, այդ ամենը հույզեր էին:

Ինչ վերաբերում է Նարեկ Մանասյանի մենամարտին, միանշանակ երկու ռաունդ հաղթել էր: Երրորդ ռաունդում չի պարտվել, բայց անհասականալի էր մրցավարների որոշումը: Չեմ ուզում մտածել, որ այդ որոշումների մեջ միտումնավորություն կար»,- ասել է ՀԲՖ նախագահը:

Հովհաննես Հովսեփյանը ասուլիսի ընթացքում Արթուր Բազեյանին պարգեւատրեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալով եւ նվիրեց նաեւ չեմպիոնական գոտի:

«Մենք համաձայն չենք Արթուր Բազեյանի պարտության հետ: Նա հաղթել է եզրափակիչում եւ մեր ֆեդերացիայի կողմից նրան շնորհում ենք չեմպիոնի կոչումը եւ արծաթե մեդալը փոխարինում ենք ոսկե մեդալով»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը:

13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց 4 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե: Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչավեց Հովհաննես Բաչկովը, փոխչեմպիոններ դարձան Արթուր Բազեյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ առաջին մեծ նվաճումն են գրանցում մեծահասակներում: Բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Մանասյանը:

Հայաստանը 5-րդ տեղը զբաղեցրեց մեդալային պայքարում: Առաջին տեղում Վրաստանն է: Լավագույն հնգյակում են նաեւ Սերբիան, Իսպանիան եւ Անգլիան:

Եվրոպայի չեմպիոնները․

48 կգ քաշային կարգ՝ Սախիլ Ալախվերդովի, Վրաստան

51 կգ՝  Մարտին Մոլինա Սալվադոր, Իսպանիա

54 կգ՝ Բիլլայի Բեննամա, Ֆրանսիա

57 կգ՝ Վասիլ Ուստուրով, Բելգիա

60 կգ՝ Արտյուշ Գոմցյան, Վրաստան

63,5 կգ՝ Հովհաննես Բաչկով, Հայաստան

67 կգ՝ Վահիդ Աբասով, Սերբիա

71 կգ՝ Հարրիս Ակբար, Անգլիա

75 կգ՝ Գաբրիել Դոսսեն, Իռլանդիա

80 կգ՝ Արտյոմ Ագեեւ, Սերբիա

86 կգ՝ Գեորգի Կուշինաշվիլի, Վրաստան

92 կգ՝ Ազիզ Մուհայն, Իտալիա

+92 կգ՝ Նելվի Թայաֆաք, Գերմանիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում