20:20  ,  1 հունիսի, 2022

Ներքին Չարբախում բացվել է Արթուր Աբրահամի հիմնած զբոսայգին

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երեւանի Ներքին Չարբախ թաղամասում բացվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հիմնած զբոսայգին, որը գտնվում է Սուրբ Խաչ եկեղեցու հարեւանությամբ:

Կառուցապատման աշխատանքները տեւել են շուրջ մեկ տարի: Բացմանը ներկա են եղել Արթուր Աբրահամը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը եւ բազմաթիվ երեխաներ, որոնց համար Արթուր Աբրահամն իսկական տոն էր կազմակերպել՝ հաճելի անակնկալներով, մշակութային միջոցառում, մուլտհերոսներ, խաղավար եւ հյուրասիրություն:

Զբոսայգին ունի երեխաների համար նախատեսված բարեկարգ խաղահրապարակ, կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ, տարածքն ապահոված է նաեւ անվճար wifi-ով: Կա նաեւ բացօթյա մարզումների համար նախատեսված մարզասարքեր:

Զբոսայգու կառուցման աշխատանքներին հետեւել է անձամբ Արթուր Աբրահամը, որը պարբերաբար սոցցանցերով իր հետեւորդներին պատմում էր աշխատանքների ընթացքի մասին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում