21:36  ,  30 մայիսի, 2022

Կարեն Աղամալյան․ Այս Եվրոպայի առաջնությունում առաջին համարը Հովհաննես Բաչկովն էր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մեկնաբանել է Հովհաննես Բաչկովի երրորդ չեմպիոնական տիտղոսը Եվրոպայի առաջնություններում։

«Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ: Հովհաննես Բաչկովն այս Եվրոպայի առաջնությունում մեկը մյուսի հետեւից բարձրակարգ բռնցքամարտ ցույց տվեց եւ մենամարտեր վարեց: Մենամարտից մենամարտ ավելացրեց:

Ինձ համար այս Եվրոպայի առաջնությունում առաջին համարը Հովհաննես Բաչկովն է, երկրորդ, երրորդը չկա, նոր գալիս է չորրորդը: Առաջին ռաունդից հետո մտածում էի, որ սա ամեն դեպքում եզրափակիչ է եւ դա զգացվում է ռաունդից ռաունդ, բայց Հովհաննես Բաչկովի նման բռնցքամարտիկին պարտադիր չի կես ժամ բացատրել ռինգի անկյունում: Նա բռնցքամարտին տիրապետում է, մրցակցին կարդում է եւ գիտի, որ ռաունդում՝ ինչպես մենամարտի»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Սա Հովհաննես Բաչկովի երրորդ չեմպիոնությունն է: Առաջին անգամ գյումրեցի բռնցքամարտիկը չեմպիոն էր դարձել 2017 թվականին Խարկովում անցկացված Եվրոպայի առաջնությունում:

Երկրորդ ոսկե մեդալը նվաճել էր 2019 թվականին Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում, որն այդ տարի փոխարինում էր Եվրոպայի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում