Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» «Ռոմային» հայտնել է, որ բանակցում է 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանագիր կնքելու բանավոր համաձայնություն է տվել «Ինտերին», սակայն հռոմեական ակումբը դեռ կփորձի երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը։
Ավելի վաղ calciomercato.com-ը հայտնել էր, որ «Ինտերը» Մխիթարյանին առաջարկել է երկու տարվա պայմանագիր, տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ռոման» առաջարկել էր մեկ տարվա պայմանագիր։
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում