15:15  ,  27 մայիսի, 2022

ԵԱ. Արթուր Հովհաննիսյանն ու Բարեղամ Հարությունյանը լքեցին պայքարը (ֆոտո, վիդեո)

Երեւանում անցկացվող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյանն ու Բարեղամ Հարությունյանը պարտվություն կրեցին եւ լքեցին պայքարը:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանի 51 կգ քաշայինների պայքարում մրցեց Իսպանիայի ներկայացուցիչ Մարտին Սալվադոր Մոլինային եւ պարտվեց մրցավարների որոշմամբ: Արթուր Հովհաննիսյանն առաջին մենամարտն էր անցկացնում Եվրոպայի առաջնությունում:

Երեք ռաունդներում չնայած հայ բռնցքամարտիկն ակտիվ էր, դիպուկ հակագրոհներ էր կատարում, պրեսինգի ենթարկում մրցակցին, բայց նաեւ բաց էր թողնում իսպանացու հարվածները: Բոլոր երեք ռաունդներում մրցավարներն առավելությունը տվեցին իսպանացի բռնցքամարտիկին:

Բարեղամ Հարությունյանի 48 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում պարտվեց վրացի Սախիլ Ալախվերդովին:

Բարեղամ Հարությունյանը եւս առաջին մենամարտն էր անցկացնում:

Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգան նաեւ Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը եւ Համբարձում Հակոբյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում կմրցի Չեխիայի ներկայացուցիչ Պյոտր Նովակի հետ:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի իսպանացի Այուբ Ղադֆա Դրիսիի հետ: 

Համբարձում Հակոբյանը (80 կգ) մրցակիցը կլինի խորվաթ Լուկա Պլանտիչը: Մենամարտը տեղի կունենա B ռինգում 16:00-ից: Երեկոյան մրցահերթում սպասվում է հայ-թուրքական դիմակայություն: 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արթուր Բազեյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Չիտֆչիի հետ: Մենամարտը տեղի կունենա 19:00-ին B ռինգում: Գուրգեն Մադոյանը(67կգ) կմրցի վրացի Լաշա Գուրուլի հետ, իսկ Ռաֆայել Համբարձումյանի (86 կգ) մրցակիցը բելգիացի Վիկտոր Շչելստրայետն է: Երկու բռնցքամարտիկների մենամարտերը տեղի կունենան А ռինգում հաջորդաբար 19:00-ից հետո: 5-րդ մրցումային օրվա Հայաստանի ամենավերջին մասնակիցը կլինի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը B ռինգում կմենամարտի Հունաստանի ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս