21:13  ,  26 մայիսի, 2022

Արթուր Աբրահամը շնորհավորեց եւ խորհուրդ տվեց Նարեկ Մանասյանին

Նարեկ Մանասյանը Երեւանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակից հետո մեկնաբանել է մենամարտը:

Մինչ լրագրողների հետ զրույցը խառը գոտում Նարեկ Մանասյանին մոտեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, շնորհավորեց նրան հաղթանակի կապակցությամբ եւ մի քանի մասնագիտական խորհուրդ տվեց, թե ինչպես աշխատել հաջորդ մենամարտում:

«Ձախ ձեռքդ մի քանի անգամ աշխատացրու՝ երկու, երեք հարված, հետո նոր ինչպես ուզում ես շարունակիր հարվածաշարդ: Այդպես շարունակիր, հրաշալի մենամարտ էր»,- ասաց Արթուր Աբրահամը:

Անվանի բռնցքամարտիկից խորհուրդներ լսելուց հետո Նարեկ Մանասյանն իր հաղթական մենամարտի մասին ասաց.

«Շատ լավ անցավ առաջին մենամարտս: Հուսամ՝ այսպես կշարունակեմ: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Մրցակիցս ուժեղ բռնցքամարտիկ էր: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հաղթել նրան»,- ասաց Նարեկ Մանասյանը:

Մրցումային 4-րդ օրը հաղթանակներ տարան նաեւ Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը եւ Գուրգեն Մադոյանը: Բոլոր բռնցքամարտիկները դիտարժան եւ տպավորիչ մենամարտեր անցկացրին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում